«Ասել, որ «փայ» չենք մտնի, չենք խանգարի, դրանով ներդրումներ չեն լինելու». Տնտեսագետ
«Ներդրումներ ներգրավելը կարևոր ուղղություններից մեկն է, սակայն ասել, որ՝ «փայ» չենք մտնի, չենք խանգարի, դրանով ներդրումներ չեն լինելու, դրանով ներդրումներ Հայաստան չեն գալու»,- այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի ներդրումային միջավայրը։
Նրա խոսքով՝ ներդրողների համար անհրաժեշտ է բարենպաստ ներդրումային միջավայր, հարկային քաղաքականություն ու օրենսդրություն, որն անընդատ փոփոխվում է, ինչը ներդրողի համար բացասական ազդակ է։ Քանի որ, եթե ներդրողը որևէ հաշվարկ է կատարում, ապա այն բոլոր հաշիվները կազմում է տվյալ պահի հարկային օրենսդրությանը համապատասխան։
Բացի այդ, ըստ տնտեսագետի՝ ներդրումներ ներգրավելու համար շատ կարևոր է այն, որ երկիրը պատրաստ լինի կադրեր ապահովել՝ ներդրումներ- պետություն- կրթություն եռանկյունին պետք է գործի։
«Ներդրողը գալով Հայաստան՝ պետք է ունենա աշխատողներ, իսկ այս գործում մեծ դերակատարում ունի պետությունը, իսկ արդյո՞ք պետությունը նման որակի կադրեր պատրաստում է, իհա՛րկե ոչ։ Մյուս կարևոր ուղղությունը մրցակցության պաշտպանությունն է, արդյո՞ք մեր Կառավարությունը պաշտպանում է մրցակցային դաշտը, վստահաբար ո՛չ։
Ներդրողները մրցակցային դաշտում խնդիրներ ունեն, քանի որ կան բավականին երկար ժամանակ գործող տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մեծ ազդեցություն ունեն շուկայի վրա։ Մեզ մոտ պետական տնտեսական քաղաքականությունը կամ ներդրումային քաղաքականությունն ինստիտուցիոնալ բնույթ չունեն, եթե ներդրողն ուզում է որևէ բիզնես սկսել, փորձում է Փաշինյանի կամ Ավինյանի գրասենյակի հետ հանդիպել, ինչը լավ չէ»,- հավելեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան