«Վերջին լուրը, որ հայտնեցին ինձ՝ երեք հրթիռներ են ընկել, և նահատակվել է 10 տարեկան արաբ երեխա». Հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Գևորգ Բահեյան
Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները շարունակվում են, և ժամեր առաջ վերսկսվել է հրթիռակոծումը հայաբնակ Քամիշլիի շրջանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Գևորգ Բահեյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին հայտարարեց Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին: Գործողության շրջանակներում Թուրքիայի օդային ուժերը թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորացել են դեպի Սիրիայի տարածք։ Միջազգային, այդ թվում և՝ քրդական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի բանակի գործողությունների հետևանքով զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Փորձագետներն ահազանգում էին հատկապես հայաբնակ Քամիշլիում արյունալի իրադարձությունների մասին:
Վարդապետը տեղեկացրեց, որ ժողովուրդը վախի մեջ է. «Երեկ գիշերը հանդարտվեց մի քիչ, սակայն երկու ժամ է (Երևանի ժամանակով 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում), ինչ վերսկսել են ռմբակոծումները Քամիշլիում: Եվ վերջին լուրը, որ հայտնեցին ինձ՝ երեք հրթիռներ են ընկել, և նահատակվել է 10 տարեկան փոքրիկ արաբ երեխա Քամիշլիի շրջանի Քարդուրբաք քաղաքում:
Բոլոր դպրոցները փակ են առայժմ մինչև երկուշաբթի, օդակայանը դեռ բաց է, բայց, անշուշտ, դժվարություն կա, որ օդանավեր գտնեն՝ Դամասկոս կամ այլ ապահով շրջաններ տեղափոխվելու համար»:
Ի դեպ, 168.am-ն ավելի վաղ զրուցել էր ծնունդով Քամիշլիից, այժմ նիդեռլանդաբնակ Պերճ Ասատուրյանի հետ, ով Քամիշլիում ապրող հարազատների հետ զրույցից մի քանի մանրամասներ էր փոխանցել:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը:
Թեմային այսօր Կառավարության նիստի սկզբում անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և դատապարտել այդ ապօրինի գործողությունները:
Զարուհի Դիլանյան



