Բաժիններ՝

«Գուցե դեր է խաղացել այն, որ Օրբելյանը հարո՞ւստ մարդ է, կամ գուցե նախարարությո՞ւնն է ցանկացել, որ նա մնա և աշխատի». Նազենի Ղարիբյան

Մշակույթի նախկին նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի խոսքով՝ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի՝ Մշակույթի նախարարության դեմ ներկայացրած դատական հայցին ի պատասխան նախարարությունն իր հիմնավորումներն է ներկայացրել: Ղարիբյանը որևէ բանի համար չի փոշմանել, ավելին՝ այսօր էլ կրկնում է, նախարարությունն իր պահանջը հիմնավորել է օրենքով, որին պետք է ենթարկվեն ոչ միայն Կոնստանտին Օրբելյանը, այլև բոլոր այն ՊՈԱԿ-ների տնօրենները, որոնց նշանակման, պաշտոնավարման և օրենքի հետ կա անհամապատասխանություն։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ղարիբյանը՝ շեշտելով, որ անձնական որևէ խնդիր Կոնստանտին Օրբելյանի հետ չունի, որ տեսնի էլ՝ հանգիստ բարև կտա ու կանցնի։

Հարցին՝ փաստորեն դատարանը Կոնստանտին Օրբելյանի նշանակման, պաշտոնավարման և օրենքի միջև խախտում չարձանագրեց՝ բավարարելով նրա հայցն ընդդեմ Մշակույթի նախարարության, Նազենի Ղարիբյանը պատասխանեց.

«Գուցե այստեղ դերակատարում է ունեցել այն, որ Օրբելյանը հարո՞ւստ մարդ է: Գուցե նախարությունը դեմ չէ, որ նա մնա տնօրենի պաշտոնում, հակառակ դեպքում՝ առավել ուշադիր կլիներ այս ամիսների դատական ընթացքին և գործին պատշաճ պատրաստված մարդ կուղարկեր։ Ամեն դեպքում ես դեռևս ծանոթ չեմ դատավճռին և չգիտեմ, թե ինչ հիմնավորումներով է վճիռ կայացվել հօգուտ Օրբելյանի»։

Դիտարկմանը, որ, ըստ իշխանությունների հավաստիացումների, նոր Հայաստանում այլևս հարուստ և աղքատ մարդիկ հավասար են՝ հատկապես դատարանների համար, Ղարիբյանը հավելեց.

«Չգիտեմ, կարող է այլ հանգամանքներ կան, կարող է նախարարությունն է ուզեցել, որ Օրբելյանը մնա և աշխատի»։

Անդրադառնալով  դատական հայցում Մշակույթի նախարարության մեջբերած հիմնավորումներին՝ Նազենի Ղարիբյանն ասաց, որ, եթե դատարանում ներկայանար հմուտ իրավաբան, չէր բացառվի, որ գործն այլ ելք ունենար։

«Իմ տեղեկություններով՝ առաջին դատական նիստին մարդ չի գնացել, երկրորդ նիստին ներկա է եղել երիտասարդ աղջիկ մի իրավաբան, որը գործի նյութերին չէր կարող այդքան խորությամբ ծանոթ լինել։ Մենք ներկայացրել ենք մեր հինավորումները, որոնցից առնվազն մեկն ուներ բետոնային ամրություն: Խոսքը նրա մասին է, որ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող միևնույն ժամանակ զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Ինչևէ, դատարանը որոշումը կայացրել է, և ցավալի է, որ կարող է սա կրի շղթայական բնույթ, և մյուս ՊՈԱԿ-ների տնօրենները, որոնց պաշտոնավարման և օրենքի հետ խնդիր կա, դիմեն դատարան և շահեն»,- ասաց  Ղարիբյանը։

Վերջում նախկին պաշտոնյայից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գործունեությամբ է զբաղվում նախարարությունից հեռանալուց հետո:

«Զբաղված եմ իմ սիրելի գիտական աշխատանքներով»,- ասաց  Ղարիբյանը։

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանը դատարան էր դիմել՝ պահանջելով  անվավեր ճանաչել Ղարիբյանի՝ 2019թ. մարտի 28-ի ազատման հրամանը և վերականգնել իրեն թատրոնի տնօրենի աշխատանքում, վճարել իրեն հարկադիր պարապուրդի դիմաց:  Օրբելյանի հայցը դատարանը բավարարել է։

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս