«Այս նստաշրջանում ադրբեջանցի պատվիրակներն ավելի ագրեսիվ են եղել, քան նախորդ նստաշրջանների ժամանակ». Ռուբինյան
Հոկտեմբերի 1-ին ՀՀ պատվիրակության անդամները ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում պատասխանել էին ադրբեջանցի պատվիրակներին։
Հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ հայերը պետք է հետևեն հայտնի առածին և «ճիպոտն իրենց ձեռից երբեք չգցեն», քանի որ ադրբեջանցիները երբեք չեն փոխվում՝անկախ այն հանգամանքից, թե որտեղ են գտնվում։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ ԵԽԽՎ նստաշրջանում, թերևս, ամենակարևորը եղել է հայկական պատվիրակության կազմակերպած միջոցառումը, որի թեման եղել է «գորշ գոտիների» պատվիրակները, որը, ԵԽԽՎ տերմինաբանությամբ՝ չճանաչված պետություններն են։
«Մեր այս կազմակերպած միջոցառմանը հրավիրել էինք նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին։ Շատ հաջողված միջոցառում ունեցանք հենց ԵԽԽՎ շենքում, որտեղ կային տարբեր պատվիրակներ։ Պարոն Բեգլարյանը շատ լավ ներկայացրեց մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Արցախում, ինչպես նաև Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները»,- նշեց Ռ. Ռուբինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս նստաշրջանում ադրբեջանցի պատվիրակներն ավելի ագրեսիվ են եղել, քան նախորդ նստաշրջանների ժամանակ, որոնք աբսուրդ հայտարարություններ են արել Արցախի ու Հայաստանի վերաբերյալ և հայկական պատվիրակության կողմից ստացել համարժեք պատասխան։
Պատվիրակաության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ելույթը ԵԽԽՎ-ում։
«Մենք այսուհետև ԵԽԽՎ-ում պետք է այլ գործելաոճ որդեգրենք, քանի որ վերջինս պետք է հետամուտ լինի իր իսկ կողմից ընդունված բանաձևերի կատարմանը։ Մեկ տարի առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձև, որը վերաբերում էր «գորշ գոտիներում» մարդու իրավունքներին, որտեղ հստակ նշված է, որ պետությունների դե յուրե կարգավիճակը որևէ կերպ չպետք է ազդի տվյալ երկրի տարածքում ապրող մարդկանց իրավունքների վրա։ Եվրոպական ինստիտուտները պետք է այդ գոտիներում սկսեն աշխատել»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը։
Նա նաև հավելեց, որ այս նստաշրջանին ադրբեջանական պատվիրակությունը ցուցաբերել է մեծ ագրեսիվություն, նրա համար հասկանալի է, որ Ալիևի ելույթի նմանությամբ վերջիններս ցանկացել են ելույթ ունենալ, սակայն այն որևէ պատվիրակի կողմից ընդունելի չի եղել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան