Միքայել Մելքումյանի կոշտ արձագանքը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովին եւ պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովին
Այսօր ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը.
«Հարգելի գործընկերներ,
Ներկայում և ապագայում նույնպես, որպեսզի տարբեր երկրներ ապահովեն իրենց ժողովուրդների անվտանգությունը և խաղաղ կյանքը, անհրաժեշտ է, որ իրենց
անմիջական հարևան երկրների հետ գոնե ունենան խաղաղ համակեցության պայմաններ, եթե նույնիսկ որոշակի ինտեգրման մակարդակ անհնար է:
Ցավոք, հայտնի պատճառներով Հայաստանի Հանրապետությունն արդեն շուրջ 30 տարի է, ինչ իր չորս հարևաններից երկուսի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ չունի համարժեք բնականոն հարաբերություններ: Եթե երկրորդի հետ այդ իրավիճակի հիմնական պատճառը մի փոքր այլ է, ապա Ադրբեջանի հետ շատ հստակ է, չնայած երկրորդի դեպքում էլ խնդիրն անուղղակի ձևով պայմանավորված է այս փուլում Արցախի Հանրապետության անկախության դե ֆակտո կարգավիճակով:
Միաժամանակ այս գործընթացը, այն է՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը, կարող է ձգձգվել շատ երկար ժամանակով, իսկ Արցախում ապրող ժողովուրդը պետք է օգտվի միջազգայնորեն ընդունված մարդկանց իրավունքների, կենսամակարդակի ապահովման և անվտանգության բոլոր իրավունքներից:
Դրանցից մեկն էլ տրանսպորտային, մասնավորապես՝ Արցախի օդային խաղաղ երկնքի ապահովումն է. տվյալ դեպքում խոսքը քաղաքացիական ավիացիայի մասին է: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վաղուց արդեն օդանավակայանը պատրաստ է շահագործման, սակայն Ադրբեջանի կողմից Արցախի և այնտեղ ժամանող հյուրերի, խաղաղ բնակիչների օդային իրավունքների պաշտպանությունը խիստ հարցականի տակ է: Սա կոնկրետ հարց է, և իմ կարծիքով մեր խորհրդարանական վեհաժողովի կողմից պետք է արժանանա իրավական և քաղաքական գնահատականի:
Եթե Ադրբեջանը տարիներ շարունակ հրաժարվում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պահանջը, այն է՝ կոնֆլիկտի շփման գծի ամբողջ երկայնքով տեղադրել հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման մալուխային համակարգ, սա նույնպես մեկ հավելյալ ապացույց է այդ երկրի իրական նպատակների մասին: Դե ինչ, կսպասենք և կհետևենք ապագա զարգացումներին:
Եվ վերջում՝
Ադրբեջանը ցանկություն է հայտնել ադրբեջանա-արցախյան սահմանները հատած երկու ահաբեկիչների փոխանակել մոլորությամբ սահմանին մոտ գտնված և Ադրբեջանի ահաբեկիչներից առևանգված այլ երկու խաղաղ բնակիչների հետ: Դատեք ինքներդ:
Վերջում ցանկանում եմ անդրադառնալ Ադրբեջանի մեր գործընկերների ելույթներին: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սայիդովը և պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը իրավունք չունեն գնահատական տալու Հայաստանի պատվիրակության աշխատանքներին: Նրանք այստեղ մշտապես զբաղված են ապատեղեկատվություն տարածելով»: