«ԵՄ տարբեր երկրներին վերևից շատ խստորեն հրահանգված էր հանկարծ ՀՀ վարչապետին չշնորհավորել անկախության տոնի կապակցությամբ». Արմեն Բադալյան

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները կախված են բազմաթիվ կոմպոնենտներից, և այս հարցի պատասխանը միանշանակ չի կարող լինել:

168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգն ասաց, որ կան որոշակի իրավական ընթացակարգեր՝ 30 օր քննարկում, հետո անհրաժեշտության դեպքում՝ ևս 50 օր լրացուցիչ ժամկետ, ապա՝ նոր որոշման կայացում, և այլն:

«Որոշակի խնդիրներ կան, որովհետև ՍԴ-ն երկրորդ նախագահի բողոքի հարցով կարծիք ստանալու համար այն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Իրավաբանները նշում են, որ հոկտեմբերի վերջին պետք է դրա պատասխանը գա, ու չեմ պնդում, բայց շատ հավանական է, որ այն երկրորդ նախագահի օգտին լինի, և ՍԴ-ն, հիմք ընդունելով Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը, կարող է համապատասխան որոշում կայացնել»,- նշեց Արմեն Բադալյանը:

Վերջինս կարծում է, որ եվրոպական կառույցների խորհրդատվական կարծիքը հաշվի չառնելու պարագայում խնդիրներ կարող են առաջանալ Հայաստան-Եվրախորհուրդ կտրվածքով, որովհետև Հայաստանը ԵԽ անդամ է և չի կարող ուղղակի բիրտ ձևերով ՍԴ-ի դեմ գործողություններ իրականացնել:

«Այսինքն՝ ֆիզիկապես կարող է, ոչ ոք չի խանգարում, բայց արդյո՞ք դա կարող է մարսել: Եթե իշխանությունները գնան բիրտ մեթոդների, դա, շատ հնարավոր է, խնդիրներ առաջացնի ԵԽ-ի հետ: Վարչապետը կգնա՞ դրան, թե՞ ոչ, կախված է նրանից, թե իր առջև ինչ խնդիր է դրված»,- ասաց քաղտեխնոլոգը:

Բացի դրանից, ըստ բանախոսի, տեսանելի է, որ իշխանությունները շտապում են օր առաջ ՍԴ-ն դարձնել իրենց կողմից վերահսկելի մարմին, որովհետև հասկանում են, որ կարող է Վենետիկի հանձնաժողովից Ռոբերտ Քոչարյանի գործով դրական պատասխան գալ, և եթե իրենք մինչ այդ չհասցնեն, հետո խնդիրներ են ունենալու:

«Իհարկե, դե յուրե կարող են Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հաշվի չառնել, բայց դա քաղաքական խնդիրներ է առաջացնելու: Եթե մինչ այդ փոխեն ՍԴ կազմը, ու նոր կազմը հաշվի չառնի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, կրկին խնդիրներ են առաջանալու: Այսինքն՝ միանշանակ չէ: Ի վերջո, երբ շատ հարցեր քննարկում ենք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը Լուսնի վրա առանձին մի երկիր է, և այստեղ ինչ-որ գործողություններ են փաստորեն տեղի ունենում, որոնք դրսի աշխարհի հետ կապ չունեն: Սակայն դա այդպես չէ»,- նկատում է Արմեն Բադալյանը:

Ըստ քաղտեխնոլոգի՝ ռուսական կողմը շատ մեծ ուշադրությամբ է հետևում այդ գործընթացին, առավել ևս, հաշվի առնելով Եվրամիության այս սառը հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ, որոնք հատկապես շատ տեսանելի դարձան ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ի: Նա ենթադրում է, որ, եթե ՍԴ-ն մերժի ԱԺ-ի միջնորդությունը, իսկ իշխանությունները որոշեն քաղաքական ճնշման ձևով հասնել Հրայր Թովմասյանի հեռացմանը, դա կարող է խիստ բացասաբար անդրադառնալ արտաքին շփումների վրա:

Բացի դրանից, Արմեն Բադալյանի կարծիքով՝ եթե ՄԻԵԴ-ից որոշում եղավ, որ ՀՀ երկրորդ նախագահի իրավունքները ոտնահարվում են, և նրա նկատմամբ քրեական գործ չի կարող հարուցվել, ու իշխանությունները դա հաշվի չառնեն, դա կարող է արդեն Եվրախորհրդում խիստ բանաձևի վերածվել Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Այսինքն՝ կան բազմաթիվ «եթե»-ներ: Հստակ է, որ ՌԴ-ն այս գործընթացին խիստ բացասաբար է վերաբերվում, հստակ է նաև, որ Եվրամիությունը չնկատելու է տալիս Հայաստանի իշխանություններին, իսկ դա կարող է ազդել եվրոպական տարբեր կառույցների՝ Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության վրա:

«Մենք տեսանք, թե Եվրամիությունն ինչ արեց Հայաստանի իշխանությունների հետ սեպտեմբերի 21-ին, երբ ընդունված է, որ երկրները շնորհավորում են միմյանց անկախության տոնի առթիվ, Եվրամիությունից շնորհավորանք չեկավ: Կատեգորիկ ոչ մի երկիր չշնորհավորեց, բացի Իտալիայից, որն Արմեն Սարգսյանին շնորհավորեց՝ հաշվի առնելով նրանց ընկերական հարաբերությունները: Եվրամիության շարժիչ ուժերը՝ Ֆրանսիան ու Գերմանիան, չշնորհավորեցին: Լեհաստանն ու Լիտվան, որոնք մշտապես ողջունել էին անցած տարվա իշխանափոխությունը, չշնորհավորեցին: Լուռ մնաց նաև Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունեցող Սլովակիան: Չշնորհավորեցին նաև Արևելյան գործընկերության ղեկավարներից մեկը հանդիսացող Շվեդիան, Հայաստանի հակաթուրքական դաշնակիցներ Հունաստանն ու Կիպրոսը»,- թվարկեց քաղտեխնոլոգը՝ ցանկին ավելացնելով նաև Եվրամիության հեռացող ղեկավար Դոնալդ Տուսկին, որն ամռանը եկել էր Հայաստան, ինչպես նաև Եվրամիության նոր ղեկավարությանը:

«Սա կարող է մի բան նշանակել. Որ Եվրամիության տարբեր երկրներին վերևից շատ խստորեն հրահանգված էր հանկարծ Հայաստանի վարչապետին չշնորհավորել Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ»,- ասաց քաղտեխնոլոգը:

Վերջինս վստահ է, որ ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացների հետ կապված որոշումներն անտեսանելի ձևով արձանագրվելու են եվրոպական տարբեր կառույցների կողմից և ազդելու են Հայաստանի իշխանությունների նկատմամբ վարվող քաղաքականության վրա:

«Այսինքն՝ բավականին բարդ գործընթաց է: Այնպես չէ, որ ճնշում գործադրեցին, ու ՍԴ-ն միանգամից հանձնվեց: Եթե անգամ հանձնվի էլ, դա հարցի լուծում չէ, որովհետև ԵԽ-ն դա կարող է չընդունել և ոչ միայն չընդունել, այլև պատժամիջոցների գործընթաց սկսել: Դու այստեղ կարող ես 88 պատգամավորներով ինչ ուզես՝ քվեարկես: Խնդիրը դրա մեջ չէ: Խնդիրը հետագա պրոցեսների մեջ է»,- ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ըստ նրա՝ այս ամենը տեսնում են նաև ՍԴ դատավորները, և նրանք ուղղակի շատ հանգիստ կարող են ժամանակ ձգել մինչև ԵԽ նոր նստաշրջան:

«Բազմաթիվ հարցեր կան, և եթե անգամ Հայաստանի իշխանությունները փորձեն այս հարցը ճնշումով լուծել, դա դեռևս ելք չէ: Խիստ հարցական է, թե դրա հետագա քաղաքական զարգացումներն ինչպիսին կլինեն: Սա արդեն քաղաքական գործընթաց է: Սա իրավական գործընթաց չէ, որքան էլ որ «Իմ քայլի» պատգամավորները նշեն, որ սա զուտ իրավական գործընթաց է: Իրենք իրենց կարող են խաբել, բայց ոչ ուրիշներին: Իսկ թե ինչպես կզարգանան քաղաքական գործընթացները, բարդ է ասել»,- եզրափակեց Արմեն Բադալյանը:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս