Հայաստանին վերաբերվում են որպես «ֆեյք»-ի՞․ ՏՏ աննախադեպ համաժողովն ու «թերի» կողմերը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ՏՏ աննախադեպ համաժողով է մեկնարկել: Այս օրերին Երեւանում կլինեն ՏՏ ոլորտի գիգանտ- առաջատարները` 70 երկրներից ավելի քան 2500 ներկայացուցչով: Համշխարհային այս համաժողովի երեւանյան հավաքն անշուշտ կարեւոր է: Բայց այս բարձր նշաձողին զուգահեռ արձանագրենք, որ Հայաստանում չկան Google-ի, Facebook-ի YouTube-ի, Instagram-ի կամ այսպիսի կորպորացիաների ներկայացուցչություններ:
Այս ընկերությունները ձգտում են ներկայացուցիչներ ունենալ այն երկրներում, որտեղ շուկան մեծ է, հետեւաբար շահերն էլ: Այնպես որ, եթե խնդիր ունես, օրինակ, Google-ի, Facebook-ի կամ YouTube-ի հետ, կոնկրետ անլուծելի փաստի առջեւ կանգնես: Այնինչ տեղեկատվական հարթակների հայաֆիկացումը հնարավորություն կտա հայ օգտատերերին օրինական ճանապարհով գումար աշխատել, երկիրն էլ ճանաչելի կդառնա տեղեկատվական քարտեզի վրա:
Մինչդեռ նույնիսկ երեւանյան հզորագույն համաժողովի ֆոնին այս կորպորացիաների համար Հայաստանն, ըստ էության, ֆեյք երկիր է, որովհետեւ շատ օգտատերեր, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փորձում են զարտուղի ճանապարհով այդ իրենց դիտումներով գումար աշխատել, ինչը, ի վերջո, արգելափակման է բերում` կանգնեցնելով ֆինանսական, ինչու չէ, նաեւ ստեղծագործական խոչընդոտների առջեւ:
Համաժողովում երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդգծեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է սկսել Youtube-ի եւ այլ մեծ կազմակերպությունների հետ, որոնց համար Հայաստանում տեղայնացում չունենք, սակայն այլ մանրամասների, արդյունքների նախարարը չանդրադարձավ:
«Ժողովուրդ» թերթը զրուցել է Google Developer Group Armenia-ի համակարգող Վարդան Գրիգորյանի հետ:
Այս ընկերությունում, ի դեպ, կարող են օգնել կապ հաստատելու հարցում, բայց խնդիրներին լուծում տալ չեն կարող:
Վ. Գրիգորյանի խոսքով` Google-ը փոքր երկրներում հետաքրքրվածություն չունի:
«Որոշակի խողովակներով իրենց փոխանցվել է, որ մենք չունենք այդ գործիքը, եւ շատ է հարկավոր։ Ու, ամենայն հավանականությամբ, պետք է որ սառույցը տեղաշարժվի, բայց չգիտեմ` երբ»,- ամփոփել է Վ. Գրիգորյանը:
Այսինքն՝ հայ օգտատերերը պետք է առաջիկայում եւս հույսները կտրեն համացանցի միջոցով օրինական գումարներ աշխատելու, հետեւաբար հարկային դաշտում հաշվետու լինելու հեռանկարից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: