Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանը հովանավորել է WCIT-2019-ի համաժողովի համերգային ծրագիրը

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019 (WCIT-2019) միջոցառման կազմակերպման ծախսերի հարցը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։ Այս ծախսերի, կազմակերպիչ ընկերությունների ընտրության վերաբերյալ 168.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։

Հարցման պատասխանները ստանալուն պես կներկայացնենք մեր ընթերցողներին, իսկ մինչ այդ 168.am-ը փորձել է պարզել շրջանառվող որոշ լուրեր։

Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ի կամ WCIT-2019-ի միջոցառման կազմակերպման համար իր ներդրումն է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանի՝ այդ միջոցառման կազմակերպման մասնակցության մասին մեր տեղեկությունը հաստատեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Այո՛, Գագիկ Ծառուկյանն իր մասնակցությունն ունեցել է։ «Մուլտի Գրուպն» աջակցել է միջոցառման կազմակերպմանը։ Այս մասին երեկ իր հարցազրույցում փաստել է նաև միջոցառման կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ «Մուլտի Գրուպը» ներկայացնելով՝ որպես միջոցառման միակ աջակից։ Նշեմ, որ այդ աջակցության մասին է վկայում նաև այն, որ երեկ կազմակերպված համերգային ծրագրի ժամանակ, բացի WCIT-2019-ի տարբերանշանից, էկրանին երևում էր նաև «Մուլտի Գրուպի» տարբերանշանը»,- ասաց Տոնոյանը՝ չհաստատելով, սակայն, մեր այն տեղեկությունը, որ Ծառուկյանն այդ ամենի համար ներդրել է կես միլիոն դոլար։ Ըստ Ա. Եսայանի՝ Գ. Ծառուկյանն աջակցել է նաև հիմնական համերգային ծրագրին։

«Աջակցության հստակ չափ այս պահին չեմ կարող ասել»,- ասաց Տոնոյանը։

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս