Մանկական չհագած կոշիկներ՝ Առողջապահության նախարարության շենքի առջև
«Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած»: Էռնեստ Հեմինգուեյի ամենակարճ այս պատմվածքի օրինակով մի խումբ ակտիվիստներ մանկական չհագած կոշիկներ էին բերել Առողջապահության նախարարության առջև: Բժիշկ Մարինա Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հավաքվել են քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ, անհատներ, ներկա ու ապագա ծնողներ, ում մտահոգում են մանկական մահացության դեպքերը:
«Բոլորիս մտահոգում է այն փաստը, որ վերջին շրջանում շատ կարճ ընդմիջումներով մոր և մանկան մահացությունների դեպքեր են գրանցվում, որոնց չեն անդրադառնում, մեզ համար անհասկանալի են պատճառները: Հարձակումներ են տեղի ունենում բժիշկների վրա, ես դեմ եմ, որ մեղավոր համարվի այն բժիշկը, ով մինչև վերջին վայրկյանն ամեն ինչ արել է փրկելու համար, դրա համար պետք է ստեղծվի բժշկափորձագիտական, նախարարությունից բոլորովին անկախ մի խումբ, որը կքննի բոլոր այս դեպքերը ու կասի՝ ո՞ր դեպքում էր անհնար փրկել մորը և երեխային, ո՞ր դեպքում է եղել բժշկի սխալը: Հայաստանում նաև դեմոգրաֆիական խնդիր ունենք, և իրավունք չունենք լռելու այսպիսի դեպքերի մասին, մենք բոլորս կարող ենք հայտնվել այս իրավիճակում»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է ծննդատնից անհետացած, բժիշկների պնդմամբ՝ մահացած երեխայի մարմինը չգտնելու դեպքին, Մարինա Խաչատրյանը վստահեցնում է՝ այս հարցով ևս անկախ բժիշկների խումբը պետք է զբաղվի:
«Այդպես չպետք է լիներ, ո՞ւր է երեխայի մարմինը, շատ խճճված իրավիճակ է: Բժշկական պատմագրերը բժշկի աչքով կարդալիս այլ են, իրավապահի աչքերով՝ այլ: Երեխայի մայրը պնդում է, որ դրանք ևս կեղծվել են: Սրանք ոչ միայն իրավական խնդիրներ են, այլև բարոյական: Որոշ ժամանակ առաջ էլ մի երեխա պատվաստումից հետո տեղափոխվել էր հիվանդանոց: Շատ կարճ ժամանակ անց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը հայտարարություն արեց, որ դա պատվաստման հետ կապ չունի: Ես որպես բժիշկ՝ վստահեցնում եմ՝ անհնար էր նման կարճ ժամանակում ուսումնասիրություն անել և հասկանալ, թե ինչի՞ց էր»,- ասում է նա:
Ակցային պատահաբար միացած դերասան Էրիկ Շախատունին մեզ հետ զրույցում ավելի կոշտ արտահայտվեց, ասում է՝ այն մարդիկ, ովքեր ձեռք են բարձրացնում երեխայի վրա, պետք է զրկվեն ոչ թե պաշտոնից, այլ ավելի թանկ մի բանից:
«Դա անտանելի երևույթ է, այդպիսի բան անող մարդկանց պետք է զրկել կա՛մ կյանքից, կա՛մ իրենց երեխայից: Երեխաների մեջ է մեր կյանքը, նրանք են մեզ պահողը, ով մեզ զրկում է մեր երեխայից, նա մարդ չէ: Այստեղ ամենամեծ դերը Կառավարությանն է ու նախարարությանը, ոչ մի «սանիտարկա» և բժիշկ իրենց չեն կարող թույլ տալ նման բանը միայնակ անել, պետք է ջնջել նման մարդկանց երկրի երեսից»:
«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն անդրադառնալով պատվաստումից հետո հիվանդանոց տեղափոխված երեխայի դեպքին՝ ասաց, որ պետք է անկախ փորձագիտական խմբի միջոցով վերականգնել հանրության հավատը:
«Այսօր ջրբաժաններ կան հանրության մեջ, մենք մի բան ենք ասում, գործող իշխանությունը՝ մեկ այլ բան: Ծնողը կանգնում է խնդրի առաջ, չգիտի՝ տանի՞ իր երեխային պատվաստման, թե՞ ոչ: Մեկը կուրորեն հավատում է և տանում է, մյուսն առհասարակ չի հավատում ու չի տանում: Պետք է ստեղծվի անկախ փորձագիտական խումբ, Կառավարությունը անհրաժեշտության դեպքում պետք է դրսից մասնագետներ ներգրավի և վստահությունը վերականգնի»,- ասաց Վահան Բաբայանը:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերած չհագած մանկական կոշիկները դրեցին Առողջապահության նախարարության աստիճաններին: Մարինա Խաչատրյանն ասաց, որ այս փոքրիկները քայլում են դեպի նախարարություն, որ իրենց դեպքերն այլևս չկրկնվեն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ