«Եթե օրենքում կա մի կետ, որ ավագանին անմեղսունակ է, եկեք ասենք՝ նրանք անմեղսունակ են ճանաչվել, չմեղադրենք նրանց». Նորաշենում կրքերը չեն հանդարտվել

Արդեն հինգ օր է՝ դադարեցված են Նորաշենի համայնքապետարանի աշխատանքները, և բնակիչներին նույնիսկ անհրաժեշտ տեղեկանքներ չեն կարողանում տրամադրել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Նորաշենի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Վարդան Մինասյանը:

Հիշեցնենք, որ նորաշենցիները պահանջում են նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի վերադարձը, և այդ պահանջով նրանք հասել էին նույնիսկ Կառավարություն: Բողոքող նորաշենցիները վստահ են, որ համայնքապետին արձակուրդում են աշխատանքից ազատել՝ օրենքի խախտմամբ:

«Բախվել ենք իրավական խնդիրների: Մենք չգիտենք մեր հաջորդ քայլը, աշխատակազմը հրաժարվում է այդ պայմաններում աշխատել»,- նշեց Մինասյանը:

Ի դեպ, ըստ նրա՝ այն նիստն ու դրա արձանագրությունը, որը հիմք է հանդիսացել մարզպետի կարգադրության համար՝ հակասում է ՏԻՄ օրենքին.

«Ըստ ՏԻՄ օրենքի՝ համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Երբ խոսում ենք նիստի մասին, այն պետք է իրավազոր դառնա 5 անդամի ստորագրությամբ»:

Վ. Մինասյանը չի հասկանում նաև, թե ինչպես է մարզպետարանից որոշում գնացել նախարարություն, երբ համայնքապետարանն այն չի փոխանցել մարզպետարան:

Խոսքն այն նիստի մասին է, որը, ըստ նորաշենցիների, ծիրանի ծառի տակ է անցկացվել.  «Եթե մենք ձեզ չենք ուղարկել, դուք ո՞նց եք ուղարկել նախարարություն, եթե փաստաթուղթը ոչ մի տեղ մուտքագրված չէ:  Ո՞ւմ եք օրինակ ծառայում, մնացած համայնքների՞ն:

Եթե կա օրենքում մի կետ, որ ավագանին անմեղսունակ է, եկեք ասենք՝ կա, ասենք՝ նրանք անմեղսունակ են ճանաչվել, չմեղադրենք նրանց, բայց եթե գնում ենք ճանապարհով, որ ավագանու ինստիտուտ ենք կայացնում, ամեն պահի խեղո՞ւմ ենք կապը գործադիր մարմինների հետ»:

Նա հավելեց, որ մինչև հարցն իրավական ճանապարհով լուծելն ակնկալում են խնդիրը պարզել նախ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Իսկ առայժմ, ըստ համայնքի ներկայացուցչի՝ համայնքում բերքահավաքի շրջան է, և այդ պատճառով նաև ակցիաները շարունակական չեն, բայց կրքերը չեն հանդարտվել:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները տարբեր ակցիաներ են իրականացնում համայնքապետարանի, մարզպետարանի և կառավարության առաջ՝ պահանջելով չեղյալ համարել այն որոշումը, որով արձակուրդում գտնվող համայնքապետ Նորայր Գրիգորյանին հեռացրել են աշխատանքից:

Ըստ նրանց՝ ավագանու անդամները ծառերի տակ են նիստ արել ու համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կայացրել:

 Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս