Բաժիններ՝

Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում

Պաշտոնական այցով Սերբիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտի և ստարտափ հանրության ներկայացուցիչներ, հոկտեմբերի 4-ին հյուրընկալվել է Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկում:

Ինչպես հաղորդում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիական զարգացման նախարար Մլադեն Շարչևիչի, ինովացիոն և տեխնոլգիական զարգացման պատասխանատու նախարար Նենադ Պոպովիչի և գիտատեխնիկական պարկի տնօրեն Գորդանա Դանիլովիչի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել տեխնոլոգիական պարկում, ծանոթացել գործունեության ուղղություններին, զրուցել պարկի հետ համագործակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Պարկի տնօրենը նշել է, որ կառույցն իդեալական միջավայր է ստեղծում այն ընկերությունների համար, որոնք ձգտում են բարձր տեխնոլոգիական համայնքի մաս դառնալ:

«Մենք համագործակցում ենք տարբեր երկրների ընկերությունների հետ և այսօրվանից պատրաստ ենք սկսել համագործակցությունը նաև Հայաստանի ընկերությունների հետ»-, ավելացրել է տնօրեն Դանիլովիչը։

Բելգրադի գիտատեխնոլոգիական պարկը հիմնվել է Սերբիայի կառավարության, Բելգրադի քաղաքային խորհրդի և Բելգրադի համալսարանի համագործակցության արդյունքում՝ օգտագործելով միջազգային լավագույն փորձը: Այն նախատեսված է ստարտափների և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացող ընկերությունների համար, աջակցում է նրանց` զարգացնելու և կոմերցիալիզացնելու իրենց նորարարական արտադրանքն ու ծառայությունները: Պարկը միավորում է մի քանի տասնյակ բարձր տեխնոլոգիական ընկերություններ և թիմեր՝ ապահովելով նրանց տարբեր ծրագրերով և կարևոր դեր խաղալով Սերբիայի նորարարական էկոհամակարգի զարգացման գործում: Այն նաև իրավական և վարչական, մարքեթինգային ծառայություններ, անհատական խորհրդատվություն է տրամադրում տեղական և օտարերկրյա ընկերություններին, կազմակերպում թրեյնինգներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս