Բաժիններ՝

«Հերթերի համար Գյումրիում նոր մաքսատուն բացելն անիմաստ է». ավտոներկրողներ

Գյումրու ավտոմաքսատան բացումը հետաձգվում է մեկ շաբաթով: Այս մասին որոշումն այսօր շինհրապարակ հերթական այցելության ընթացքում կայացրել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը: Նա shantnews-ին ասել է, որ, թեև բավական մեծ ծավալի աշխատանքներ տարել են, բայց շինաշխատանքների ներկայիս տեմպերը գոհացնող չեն:

«Ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի 18-ին բացումը կազդարարենք: 1 շաբաթով մենք հետաձգում ենք, որովհետև օբյեկտիվորեն չենք հասցնում: Հոկտեմբերի 11-ն էր նախանշված ժամկետը, մեկ շաբաթով հետաձգում ենք: Հենց այսօր այդ որոշումը կայացրեցինք: Ֆիզիկապես չենք հասցնում։ Պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ: Օբյեկտիվները պետք է գնահատենք, իսկ սուբյեկտիվները շատ արագ հարթելու ենք այսօր և վաղը: Շինարարության ընթացքն այնքան էլ գոհացուցիչ չէ: Այսինքն՝ մեր սպասվածից մի քիչ ավելի տեմպը դանդաղել է:

Օբյեկտիվ պատճառներից եղանակային պայմաններն էին, որ մի պահ, մի քանի օրով մեզ հետ գցեցին: Նաև ուղղակի աշխատանքային ծավալների ավելացում եղավ: Սկզբում, եթե շենքային հարմարությունները 800 մետրի մասին էին, ապա հիմա արդեն խոսում ենք 4000 մետրի շենքային հարմարությունների մասին, որովհետև ֆունկցիոնալ առումով հընթացս բավականին շատ բան ենք փոխել»,- ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Ավտոներկրողները, սակայն, չեն փոխել իրենց կարծիքը՝ կառավարությունը սխալ որոշում է կայացրել։

Մաքսատուն կառուցելու ամենահարմար վայրը, ըստ ավտոներկրողների, կա՛մ սահմանային անցակետերն են, կա՛մ մայրաքաղաքը:

«Թող Սադախլոյում սարքեն, Նոյեմբերյան, Դիլիջան, Սևան, մեր ճանապարհի վրա, հատկապես, որ Նոյեմբերյանը վատ վիճակում է, թող այնպիսի տեղում բացեն, որ մարդիկ իրոք կարիք ունեն: Կամ էլ սա պայմանավորված էր, երևի միջի մարդ կար, հատուկ վարչապետին տարավ «տամոժնի», նայեց, տեսավ՝ հերթ է, ասեց՝ խի՞ Լենինական չէ, որ… Հայաստան մտնող ճանապարհներից մեկը Մեղրին է, մյուսը՝ Բավրան, մյուսը՝ Սադախլոն: Նենց տեղ են սարքել, որ անհնար լինի հասնելը: Սադախլոյում ամայի դաշտեր են, թող մաքսային սարքեն»,- ավելի վաղ ասել էր մեր զրուցակից ավտոներկրողներից մեկը:

«Ցանկացած մարզում թող լիներ ավտոմաքսատուն, և մարդը եթե կուզեր Գյումրիում մաքսազերծել, թող գնար, ես Երևանում եմ ուզում, դուք՝ Լոռիում, թող այդպես լիներ: Իսկ հերթերի հարցը կարելի է մեկ օրում լուծել: Մենք բազմիցս ասել ենք, որ դրա լուծման հեշտ ձևը կա. հերթը գոյանում է, որպեսզի մեքենայի VIN կոդը ստուգեն: Կարելի է մի հարթակ ստեղծել, 10 հոգի գան աշխատեն: Կես ժամում 1000 մեքենա հնարավոր է ստուգել, բլանկի վրա կնիքով տալ մարդու ձեռքն ու ասել՝ քոնը ճիշտ է, գնա գրանցի: Իսկ սրա համար տանել ու Գյումրիում նոր մաքսատուն բացել՝ անիմաստ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Արմեն Հովհաննիսյանը:

Գործընկերոջ՝ Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ այս առաջարկն ունի լավ և վատ կողմեր:

«Մի կողմից՝ լավ է, որ դրսում կանգնած մեքենաների կուտակումները կվերանան, բայց մյուս կողմից՝ ներսի հերթը կքառապատկվի. այս մասով ես ելք չեմ տեսնում: Միակ ելքը նոր մաքսատներ կառուցելն է»,- նշեց նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս