
«Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը դառնա Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի օղակ». Իրանագետ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի երևանյան նիստին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մասնակցությունը քաղաքագետներն ու փորձագետները որակեցին կարևոր՝ թե՛ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, թե՛ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների համատեքստում նոր հնարավորությունների: Ի դեպ, այս այցը կարևորվեց՝ նաև հաշվի առնելով Իրան-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը:
Ի դեպ, սա Ռուհանիի երկրորդ այցն էր Հայաստան. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2016 թվականին ԻԻՀ նախագահը պաշտոնական այցով արդեն եղել էր Հայաստանում:
Այս այցը հարաբերությունների մեկնա՞րկ կարելի է համարել, թե՞ շարունակություն 168.am-ի հարցին ի պատասխան՝ իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց.
«Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ շարունակություն էր հայ-իրանական հարաբերությունների համատեքստում և, մասնակիորեն՝ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների համատեքստում, որովհետև Իրանի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման գործընթացը սկսվել է նախորդ իշխանությունների օրոք, և ավարտին է հասցվել ներկա իշխանությունների օրոք»:
Իրանագետը այցի կարևոր կողմերից համարեց իրանական շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար, այդուհանդերձ նկատեց, որ առավել մեծ շեշտադրում պետք է կատարվեր հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացման վրա.
«Ակնհայտ է, որ այցի կարևոր կողմերից է իրանական շուկաների բացվելը, այդ թվում՝ հայ արտադրողների համար բազմաթիվ ոլորտներում: Կարծում եմ՝ այցի ընթացքում ավելի մեծ շեշտադրում պետք է կատարվեր Հայաստանի և Իրանի միջև նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես՝ տրանսպորտային ոլորտում շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը դառնա Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի օղակ ՝ երկու բաղադրիչներով. Հյուսիս-Հարավ ավտոմայրուղով, և նաև պետք է անպայման օրակարգում պահվի Հայաստան-Իրան երկաթուղու հարցը:
Եվ էներգետիկ ոլորտում մենք չպետք է բավարարվենք «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքով. պետք է փորձել Իրանի հետ սկսել աշխատանքներ՝ իրանական գազը հետագայում տարանցելու համար՝ նաև այս գործընթացին մասնակցային ներկայություն ապահովելով ՌԴ-ի համար, որը մեր ռազմավարական գործընկերն է»:
Զարուհի Դիլանյան