Բաժիններ՝

Netflix-ը կնկարահանի «Շատ տարօրինակ գործերի» շարունակությունը

Netflix-ը կնկարահանի «Շատ տարօրինակ գործեր» սերիալի թվով չորրորդ եթերաշրջանը: Դրանով կզբաղվեն Մեթ եւ Ռոս Դաֆեր եղբայրները, որոնք նախագծի ռեժիսորներն են, սցենարիստներն ու պրոդյուսերները:

Սեպտեմբերի 30-ին Netflix-ի Twitter-ում հայտնվել է կարճ տեսահոլովակ, որտեղ սերիալի անվանումը փոխարինվել է 4 թվով, իսկ հետո՝ «Մենք այլեւս Հոուքինսում չենք» մակագրությամբ: Նկատի է առնվել մտացածին փոքր քաղաքը, որտեղ տեղի է ունենում «Շատ տարօրինակ գործերի» գործողությունը:

«Դաֆեր եղբայրները «Շատ տարօրինակ գործեր»-ով հիացրել են ամբողջ աշխարհի հանդիսականներին, մենք հիացած ենք նրանց հետ գործընկերությունը շարունակելու հեռանկարով այն բանի առնչությամբ, որ նրանք երեւակայություն եւ ֆանտազիա մտցնեն ֆիլմերի ու սերիալների մեջ, որոնք դուր կգան մեր բաժանորդներին»,-նշել է Թեդ Սարանդոսը, որը կոնտենտի հարցերն է ղեկավարում ծառայությունում:

«Շատ տարօրինակ գործերը» Netflix-ի առավել մեծ ժողովրդականություն վայելող սցենարային նախագիծն է: Ընկերությունը սովորաբար չի հրապարակում հանդիսականների լսարանին վերաբերող տվյալները, սակայն այս տարվա հուլիսի 8-ին բացառություն է արել: Այդ սերիալի երրորդ եթերաշրջանի պրեմիերայից հետո առաջին չորս օրվա ընթացքում այն դիտել է մոտավորապես 40,7 մլն բաժանորդ: Այսինքն ավելի շատ, քան Netflix-ի ցանկացած այլ ֆիլմ կամ սերիալ: Հատկանշական է, որ չորս օրվա ընթացքում 18,2 մլն բաժանորդ դիտել է երրորդ եթերաշրջանի բոլոր ութ էպիզոդները: The Hollywood Reporter հանդեսի տվյալներով՝ դերասաններ Ֆին Վուլֆարդը, Գեյթեն Մատարացոն, Քալեբ Մաքլաֆլինը եւ Նոա Շնափը սկսել են 250 հազարական դոլար ստանալ յուրաքանչյուր էպիզոդի համար՝ հասնելով հոնորարների գրեթե 12 անգամ ավելացման:

Ավելի փորձառու դերասանների՝ Վայնոնա Ռայդերի եւ Դեւիդ Հորբորի վաստակն աճել է մինչեւ 350 հազար դոլար: Netflix ընկերությունը հիմնվել է 1997 թվականին: Նրա կենտրոնակայանը գտնվում է Լոս-Հաթոսում (Կալիֆոռնիայի նահանգ): 2013 թվականից այն արտադրում է սեփական ֆիլմերը, սերիալներն ու հեռուստահաղորդումները: 2019 թվականին Netflix-ի կինոնկարներից մեկը՝ «Ռոմա»-ն, արժանացել է «Օսկար»-ի երեք մրցանակի՝ լավագույն ռեժիսորական եւ օպերատորական աշխատանքի համար, ինչպես նաեւ որպես «Լավագույն օտարալեզու ֆիլմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս