Թվոցը Հին Կտակարանի և Հնգամատյանի չորրորդ գիրքն է
Թվոցը Հին Կտակարանի և Հնգամատյանի չորրորդ գիրքն է: Այստեղ հստակորեն նկարագրվում է իսրայելցիների քառասնամյա դեգերումը անապատում` մինչև Մովաբի երկիր հասնելը: Իր անվանումը ստացել է Իսրայելի ժողովրդի 2 մարդահամարներից:
Թվոց գիրքը 39 տարիների ընթացքում ժողովրդին պատգամված բոլոր եղելությունների և օրենքների նկարագրությունն է: Այն բաղկացած է 36 գլուխներից: Գրքի բնույթը պատմողական է, իսկ նպատակը` պատմել այն ծանրագին ճանապարհորդությունը, որը տանում էր դեպի Ավետյաց երկիր:
Գիրքը բաժանված է 3 հիմնական մասերի: Առաջին մասում (Ա-Ժ) նկարագրվում է պատրաստությունը դեպի Սինա ուղևորության, ժողովրդի և Ղևտացիների մարդահամարը, բանակի կարգավորումը, մասնավոր օրենքները, ցեղապետերի նվիրաբերությունները, Ղևտացիների սրբագործումը, Զատկի տոնը Սինայի վրա, հրեղեն և ամպե սյունը և Սինա հասնելը:
Երկրորդ մասում (Թ-ԺԹ) նկարագրվում է ժողովրդի խռովությունները անապատում, զոհերը և այլ օրենքները:
Երրորդ մասում (Ի-ԼԶ) նկարագրվում է քառասուներորդ տարվա առաջին տասը ամիսների դեպքերն ու կարգերը, Մարիամի, Ահարոնի և այլոց մահը, Իսրայելցիների կռապաշտությունը և պատիժը, նոր մարդահամարը Ավետյաց երկրի բաժանման համար, Հեսու Նավեի հաջորդումը, տոները և ուխտագնացության կարգերը, Մադիամացիների նվաճումը, Ավետյաց երկրի սահմանները:
Ավետյաց երկիրը գտնվում է Միջերկրական ծովի արևելյան եզերքում: Հենց այստեղ էին ապրում քանանացիք, այդ պատճառով այն կոչվում է Քանան` Քամի որդու անունով: Քանանը եղել է բոլոր ժամանակների ամենաօրհնված վայրերից մեկը, քանզի Աստված ուխտ է դնում, որ այդ երկիրը պետք է լինի Աբրահամինն ու իր ժառանգներինը, այդ պատճառով այն կոչվում է Ավետյաց կամ Ուխտի երկիր:Երկրի արևմուտքում Միջերկրական ծովն է, հյուսիսում Լիբանանի և Անտիլիբանանի լեռնաշղթան, հարավում և արևելքում արաբական անապատը, իսկ հարավ-արևմուտքից սահմանակից է Աֆրիկային: Այդուհանդերձ պետք է նշել, որ երկրի սահմանները միշտ չէ որ եղել են հաստատուն և հաճախ ենթարկվել են տարբեր փոփոխությունների:
Ավետյաց երկրի ամենահայտնի վայրերն էին` Պաղեստինը և Հորդանան գետը: Պաղեստինը լեռնային երկիր է, որի սարերը կազմված են մեծ մասամբ կրաքարից: Սակայն Պաղեստինը լեռնային երկիր լինելով հանդերձ չուներ մեծ դաշտավայրեր: Իսկ Հորդանանը Պաղեստինի ամենամեծ գետն է, որը հոսում է Միջերկրական ծովին զուգահեռ: Միջերկրական ծովը Ս. Գրքում կոչվում է Մեծ ծով:
Թվոց գիրքը լուռ վկայությունն է, թե որքան բարդ ու փշոտ է Աստծուն հետևող մարդկանց ճանապարհը, սակայն նաև օրհնված, քանզի այդ ճանապարհը օրհնված է Աստծո կողմից և տանում է դեպի հավիտենական կյանք:
Արմեն Չաքմիշյան