«Ո՞վ է բարեփոխումների անվան տակ մեր և երեխաների շահերը կոպտորեն ոտնահարող այս ծրագրի հեղինակը». Բաց նամակ ՀՀ կառավարությանը
Շուտով կառավարության նիստի քննարկմանը կդրվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախագիծը խնամքի գիշերօթիկ հաստատությունների լուծարման վերաբերյալ: Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատակազմը ուղղում է ՀՀ կառավարությանը մի շարք հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում ենք ստանալ.
1. Ո՞վ է բարեփոխումների անվան տակ մեր և երեխաների շահերը կոպտորեն ոտնահարող այս ծրագրի հեղինակը, այն պաշտոնատար անձը, ով ստանձնում է այս ազգադավ ծրագրի իրականացման հետևանքով բացասական հետևանքների առաջացման պատասխանատվությունը:
2. Ումի՞ց հաշվետվություն պահանջենք մենք` աշխատողներս և երեխաները ավելի ուշ փուլում, երբ կերևան այս ծրագրի ողջ սնանկությունը ու վատ հետևանքները, ով է հատուցելու մեր կրած բարոյական և նյութական վնասները:
3. Ո՞ւմ կողմից, ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ կարգով է կատարվել իրավիճակի համապարփակ վերլուծություն, ըստ որի՝ ենթադրաբար գործող կարգը սխալ է, վնասաբեր, իսկ առաջարկվող նորը` առավել արդյունավետ: Ներկայացրեք համապատասխան թղթային հիմնավորումները: Մենք համոզված ենք, որ նման բան չկա, քանի որ առ այսօր մեզ հետ հանդիպող պատասխանատու և պաշտոնատար անձինք երբևէ հստակ պատճառաբանություններ չեն ներկայացրել:
4. Ցանկանում ենք իմանալ՝ ում թաքնված շահերն է սպասարկում այս ծրագիրը, առաջարկվող փոփոխությունները, համենայն դեպս, ոչ երեխայի, ոչ նրա ծնողի, և ոչ էլ մեր` աշխատողներինը:
5. Հաստատության թվով 70 աշխատակիցները, հիմնականում՝ կանայք, ստանսլով նվազագույն աշխատավարձ, դրանով հոգում են շուրջ 300 մարդու տարրական կարիքները, կատարելով ստացած վարձատրությունը մի քանի անգամ գերազանցող փաստացի աշխատանք, ընդ որում, այդ ծանր աշխատանքը կատարում են սիրով և հաճույքով, նաև վայելելով այդ աշխատանքի ակնհայտ պտուղները. մեր սաները դառնում են ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ, հայրենիքի պաշտպաններ և հասարակության լիիրավ անդամներ: Պատասխանատու պաշտոնատար անձանցից որևէ մեկը մտածե՞լ է, թե ինչ են անելու այս երեխաները հաստատությունը փակելուց հետո, ինչպե՞ս և որտե՞ղ են ապրելու նրանք:
Որևէ մեկը կերաշխավորի՞, որ այդ երեխաները չեն հայտնվի փողոցում ու չեն զբաղվի անօրինական գործունեությամբ:
Ի՞նչ ենք անելու մենք` աշխատողներս, ինչո՞վ ենք զբաղվելու և ինչո՞վ ենք պահելու մեր սեփական զավակներին:
Մեզ տեղեկացրել են, թե ընդգրկելու են սոցիալական ծրագրերում, որը ոչ մի հավատ չի ներշնչում, որովհետև 70 աշխատողի վերաբերյալ շուրջ 2 ամիս առաջ տվյալները ուղարկվել են Դիլիջանի զբաղվածության կենտրոն, ու առ այսօր ոչ մի աշխատողի հարց չի լուծվել:
Ակնհայտ է, որ սրանից հետո էլ չի լուծվելու, և բոլորս համալրելու ենք Հայաստանի բազմահազար գործազուրկների բանակը:
Վստահաբար հայտնում ենք, որ չենք զիջելու, քանի որ մեր` աշխատանքի մեջ մնալու ցանկությունն արդար է, ճիշտ, օրինական, սահմանադրությամբ երաշխավորված, բխում է՝ ինչպես մեր, այնպես էլ՝ հաստատությունում խնամվող երեխաների ու նրանց ծնողների շահերից, ովքեր նույնպես վճռական են տրամադրված այս հարցում:
Միասին պատրաստ ենք բոլոր արմատական քայլերին՝ մեր օրինական իրավունքները պաշտպանելու համար: