Հակասորոսական ակցիան արգելվեց, իսկ հակառուսականն իրականացվեց
Այսօր առավոտյան Մատենադարանի մոտ ընդդեմ Սորոսի հայաստանյան գրասենյակի շտապ հավաք իրականացնող «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներին ու համակիրներին ոստիկանությունը թույլ չտվեց երթով շարժվել դեպի Բաղրամյան 26 ու այնտեղ իրականացնել իրենց ակցիան, ինչի արդյունքում ռուսերեն տեքստը, որն այնտեղ պետք է ընթերցվեր, հնչեցվեց Մատենադարանի մատույցներում։
Քիչ անց, սակայն, տեսանք, որ քաղհասարակության ներկայացուցիչները, ի դեմս իրավապաշտպան Նինա Կարապետյանցի, Բաղրամյան 26-ի դիմաց պաստառներ էին պարզել՝ պահանջելով ազատ արձակել ռուսաստանցի քաղաքական բանտարկյալներին։
Այդ առնչությամբ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ պարզել, թե ինչպես ստացվեց, որ մեզ՝ Սորոսի վաստակների դեմ ակցիայի մասնակիցներիս, ՀՀ ոստիկանությունն արգելեց երթով բարձրանալ Բաղրամյան 26՝ հայտարարելով, որ ճանապարհները փակ են, այդ թվում՝ հետիոտների համար, իսկ Սորոսի վաստակների հակառուսական ակցիան՝ սորոսական «Հելսինկյան ասոցիացիա» հ/կ փաստաբան Նինա Կարապետյանցի գլխավորությամբ, ով նաև «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբակի փաստաբանն է, կայացավ Բաղրամյան 26-ի դիմաց՝ ոստիկանների լռության ներքո:
Արդյո՞ք սա բավարար հիմք չէ՝ պնդելու, որ սորոսականների հակառուսական ակցիան կայացել է ՀՀ վարչապետի գիտությամբ ու թույլտվությամբ:
Իմ գնահատմամբ՝ բավարար է»։
168.am-ի հետ զրույցում «ՎԵՏՕ»-ի հիմնադիր Նարեկ Մալյանը, մեկնաբանելով այս իրավիճակը, ասաց, որ իրենք երթով Մատենադարանից ուզում էին շարժվել Բաղրամյան փողոց, հասնել մոտավորապես այն տեղը, որտեղ այդ հակառուսական ակցիան էր իրականացվում, ու փոխանցել իրենց ուղերձը, որն այս պահին արդեն տեղադրված է «ՎԵՏՕ»-ի էջում։
«Սակայն մեզ ոստիկանները կանգնացրին հենց Մատենադարանի անմիջապես մատույցներում։ Բավական մեծաքանակ ոստիկանական զորք էր ներգրավված։ Մեզ թույլ չտվեցին այդտեղից որևիցե տեղ գնալ, այսինքն՝ ոչ թե մեզ թույլ չտվեցին, որ մենք կոնկրետ ուղղությամբ գնանք, այլ ընդհանրապես շրջափակեցին և այդ շրջափակման մեջ մեր ընդհանուր տեղաշարժը սահմանափակեցին մոտավորապես մեկ ժամից ավել»,- ասաց Նարեկ Մալյանը։
Վերջինս նշում է, որ այդ պահին այնտեղ էին ցուցարարները, լրագրողներ, այլ մարդիկ, նույնիսկ Մատենադարան այցելած զբոսաշրջիկներ կային, և բոլորն այդ շրջափակման մեջ անց են կացրել շուրջ 1.5 ժամից ավելի ժամանակ։
«Միայն, որ շատ խնդրում էինք, ոստիկաններն ինչ-որ ճանապարհ էին բացում, մեկ կամ երկու մեքենա թողնում էին։ Հետո ոստիկանները, որպես բարի կամքի դրսևորում, մեզ սկսեցին հատ-հատ կամ երկու-երկու թույլ տալ վերջապես լքել Մատենադարանի տարածքը»,- ասաց «ՎԵՏՕ»-ի հիմնադիրը։
Մեր այն դիտարկմանը, թե փաստորեն ըստ էության խոչընդոտվել է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը, Նարեկ Մալյանն ասաց, որ դա այդպես էր։
«Իհարկե, ոստիկանները հղում էին անում օրենքին։ Հղումը պատշաճ էր, և ես չեմ կարող ասել, որ այդ գործողություններն ապօրինի էին, բայց նույն գործողությունները, նույն օրենքի հղումը, չգիտես ինչու, չգործեց հակառուսական, հակաԵԱՏՄ-ական ցույցերի դեպքում։ Մի կողմից՝ արգելվեց հակասորոսական ցույցի տեղաշարժը Երևան քաղաքում, հղում կատարվեց օրենքի պահանջին, իսկ մյուս կողմից՝ այդ նույն օրենքը չգործեց սորոսականների ուղղությամբ, և սորոսականներն ազատորեն իրականացրեցին այն, ինչը թույլ չտրվեց իրականացնել «ՎԵՏՕ» շարժմանը»,- ասաց Նարեկ Մալյանը։
Վերջինս նշում է՝ այդ ամենից կարող է ենթադրել, որ սորոսականները այսօր, քանի որ իշխանության բավական լուրջ մաս են կազմում, մեծ ազդեցություն ունեն իրավապահ համակարգի և ընդհանրապես իշխանական բոլոր որոշումների վրա, և «այն, ինչ թույլ տրված չէ մեզ, թույլատրելի է սորոսականների տարբերակում»։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը 168.am-ին տեղեկացրեց, որ հակառուսական ակցիայի մասնակիցները հատ-հատ են մոտեցել այն վայրին, որտեղից իրականացրել են իրենց ակցիան։
«Երբ արդեն մի քանի հոգի հավաքվել են, նոր միայն բարձրացրել են իրենց պաստառները»,- ասաց ոստիկանության լրատվության վարչության պաշտոնյան։
Վերջինս հավելեց նաև, որ ելնելով արարողակարգային նկատառումներից՝ ակցիայի մասնակիցներին հեռացրել են Բաղրամյան 26-ին հարող տարածքից։
Հիշեցնենք, որ օրերս մենք արդեն գրել էինք, որ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ընդառաջ՝ հայաստանյան որոշ հասարակական կազմակերպությունների (հ/կ) շրջանում իրական աժիոտաժ է։
Ըստ մեր աղբյուրի՝ արևմտյան որոշ հ/կ-ների և հիմնադրամների հետ համագործակցող կազմակերպությունների կոնսոլիդացիա է այս օրերին տեղի ունենում։
Նաև տեղեկացրել էինք, որ նրանք մտադիր էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը տարբեր վայրերում կազմակերպել հակապուտինյան պիկետներ, հանրահավաքներ՝ կոնկրետ լոզունգներով։ Նշել էինք, որ կազմակերպություններից առաջամարտիկը «Ռեստարտն» է, որը ցանցային սկզբունքով փորձել է մարդկանց հավաքագրել։ Աղբյուրի հավաստմամբ՝ «Ռեստարտից» բացի, ներգրավված են եղել մի շարք այլ «սորոսամերձ» հասարակական կազմակերպություններ, որոնց ներքին կարգով աջակցում էին փաշինյանական կառավարության և Ազգային ժողովի այն ներկայացուցիչներն ու պատգամավորները, որոնք իրենց կազմակերպություններով աշխատել և շարունակում են աշխատել արևմտյան ուղղվածության որոշ կազմակերպությունների և ֆոնդերի հետ։
Փաստորեն, ակցիան իրականացվեց, բայց դատելով դրա մասնակիցների քանակից՝ ցանցային հավաքագրումն այնքան էլ հաջող չի ընթացել։
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ