Ինչու է «Հայփոստը» հանվել մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում։
Նարեկ Բաբայանը նշեց, որ «Հայփոստ» ընկերությունը մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկերից հանելու առաջարկություն է ներկայացրել նախկին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը։
Լրագրողների հետ զրույցում Նարեկ Բաբայանն անդրադառնալով այդ նախագծին և «Հայփոստի» հետ կապված իր առաջարկությանը՝ նշեց, որ խնդիրների հետ կապված՝ այս պահին որևէ բան չի կարող ասել, և այն մասնավորեցման ցանկից հանելը կամ չհանելը որևէ առնչություն չունի Էդուարդո Էռնեկյանի հետ:
«Բանն այն է, որ նպատակահարմար են գտել պահպանել փաթեթը պետության ձեռքում և հետագայում իրականացնել նոր մրցույթ, որին ենթադրաբար կմասնակցեն ներկայիս կառավարիչները և հնարավորության և ցանկության դեպքում մի գուցե նաև այլ օպերատորներ: Բայց որպեսզի նոր տարբերակով ու ու նախապայմաններով կառավարչի հանձնվի, դրա համար հարկավոր է հանել թե՛ մասնավորեցման ցանկից, թե՛ մշակել այն ռազմավարությունն ու ծրագիրը, որով որ զբաղվում է նոր լիազոր մարմիինը՝ փոխվարչապետի գրասենյակը»,- շեշտեց նա:
Նարեկ Բաբայանը նաև տեղեկացրեց, որ «Հայփոստի» ներկայիս կառավարչի հետ պայմանագրի ժամկետն արդեն լրացել է, բայց այն երկարացվել է ևս մեկ տարով, որպեսզի նշված գործընթացը նախապատրաստվի:
Զվարթ Խաչատրյան