«Դու ամենաբարձրը պետք է լռես». Արփինե Հովհաննիսյանը` Ռուստամ Բադասյանին
Երեկ երեկոյան Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարվածը, ի թիվս այլոց, դատապարտել է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա մասնավորապես ասել է. «Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն: Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և արդեն իսկ բերման է ենթարկվել հանցագործության մեջ կասկածվող անձը։ Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է»։
Նրա խոսքը խնդրեցինք մեկնաբանել արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին։
Վերջինս կարծում է, որ այդ տղան (Ռուստամ Բադասյանը -Գ.Ս.) ամենաբարձրը պետք է լռի, որովհետև երբ օրինակ ինքը խոսում է նախկին կոռումպացված ռեժիմի մասին, պետք է հիշի, որ ըստ օդում կախված և պատշաճ չհերքված լուրերի, ինքն իր ասած՝ նախկին կոռուպցիոն ռեժիմի շահառու է եղել ու ազատվել բանակից։
«Պետք է լռի, որովհետև ակնհայտ է, որ ուսումնառության պրոցեսում լսել, բայց չի սերտել մարդկային ու մասնագիտական արժեքներ ու բացի նարցիսիզմից այլ բնութագրիչ չունի»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Արդարադատության նախկին նախարարի պնդմամբ` քաղաքական առումով Ռուստամ Բադասյանը պետք է լռի, որովհետև երբ նա խոսում էր այն մասին, որ դատարանների շրջափակման ակցիան օրինական է, որպես խայտառակ օրենսդրական կաշառքի փաթեթների հեղինակ և գաղափարակիր` չպետք է զարմանա, երբ նման բան է լինում։
«Ինչպես վարչապետդ է ասում՝ հանգիստ նստիր տեղդ ու լռիր»,-դիմելով ներկայիս նախարարին` եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը։
Գոհար Սավզյան