Սաուդյան Արաբիան առաջին անգամ կսկսի տուրիստական այցագրեր տրամադրել. Reuters
Սաուդյան Արաբիան առաջին անգամ տուրիստական այցագրերի ռեժիմ կսահմանի 49 երկրների քաղաքացիների համար: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նրա տվյալներով՝ այցագիրը թագավորությունում կարելի կլինի ձեռք բերել առցանց՝ 80 դոլարով, ընդ որում՝ զբոսաշրջիկների համար Մեքքա եւ Մեդինա մուսուլմանական սրբավայրեր այցելելու հնարավորությունը կսահմանափակվի: Այն երկրների ամբողջական ցուցակը, որոնց քաղաքացիները կկարողանան տուրիստական այցագիր ստանալ, կհրապարակվի սեպտեմբերի 27-ին ավելի ուշ:
Նշվում է, որ ալկոհոլի օգտագործման արգելքը, որը գոյություն ունի թագավորությունում, կտարածվի նաեւ զբոսաշրջիկների վրա: Դրա հետ մեկտեղ աբայի (երկար թեւքերով արաբական զգեստ, որպես կանոն՝ սեւ գույնի) կրելը կանանց համար պարտադիր չի լինի, բավարար կլինի «համեստ հագուստը», այդ թվում նաեւ հանրային լողափերին: Կանայք՝ առանց արական սեռի ազգականների ուղեկցության, նույնպես կկարողանան այցելել թագավորություն: Տուրիստական այցագրերի տրամադրումը սկսելու պլանների մասին թագավորությունում հայտարարել էին տակավին 2017 թվականի վերջին եւ խոստացել էին գործընթացը գործարկել արդեն 2018 թվականին: Մինչեւ վերջին ժամանակներս երկիր մուտքի իրավունք էին ստանում միայն աշխատելու համար եկածները եւ այն մուսուլմանները, որոնք ուխտագնացություն են կատարում իսլամի սրբավայրեր, կամ թագավորություն են ժամանել աշխատանքային գործուղումներով:
Այժմ թագավորության իշխանությունները շեշտը դնում են տուրիստական ճյուղի զարգացման վրա: Մասնագետների գնահատումներով՝ տուրիստական սեկտորը կնպաստի տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ էներգապաշարների արտահանումից նրա կախվածության նվազեցմանը: Թագավորությունը պլանավորում է մինչեւ 2030 թվականը ժամանողների թվաքանակը հասցնել տարեկան 30 միլիոնի: Այժմ այդ թիվը կազմում է 16 միլիոն, ընդ որում՝ նրանց շրջանում զբոսաշրջիկներ չկան, բայց արդեն մոտ ժամանակներս Սաուդյան Արաբիան ակնկալում է տարեկան 47 միլիարդ դոլար եկամուտ ստանալ զբոսաշրջությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: