
Երևան-Մեղրի ճանապարհահատվածին «Mercedes Spriter» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը

Սեպտեմբերի 25-ին, ժամը 15:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 149-րդ կմ-ին «Mercedes Spriter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Էրիկ Հ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորակը (մոտ 10 մ), ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: