Ռուդոլֆ Խառատյանը՝ Գյումրու Սև Բերդում ներկայացրած իր աղմկահարույց բեմադրության մասին. Ի՞նչ էին խորհրդանշում պարողների զգեստները
Բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց այն ծիսական խորհրդանշանները, որոնք ցուցադրվել էին սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնին, Գյումրու Սև բերդում ներկայացված ու աղմկահարույց քննարկումների առիթ դարձած միջոցառման ժամանակ:
Նա իր հետ բերել էր նաև հնագույն ժամանակների թագավորների քարակերտ ֆիգուրների պատկերներ, որոնց զգեստների նմանությամբ էին նաև բեմականացման զգեստները. «Սեպտեմբերի 21-ին ինձ խնդրեցին, որ մի փոքր էքսկուրս լինի մեր պատմականի մեջ: Իմ ամբողջ բեմադրության իմաստը ցույց էր տալիս, թե մենք որտեղից ենք գալիս և ուր ենք գնալու. պար չի եղել, եղել է ուղղակի ծես»:
168.am–ի խնդրանքով, անդրադառնալով քաղաքական շահարկումներին և այն պնդումներին, թե բեմադրությունը նախկին առաջին տիկնոջ հովանավորությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի «Զույգ արեգակներ» ներկայացումից հատված էր՝ Ռուդոլֆ Խառատյանը նշեց, որ հատված չէր՝ նույն գաղափարներն էին ու նույն զգեստները միայն. «Ի պատիվ նախկին կառավարության ղեկավարների, որոնք հասկացել էին մեր հոգևորը, ու կապ չունի՝ Ռիտա Սարգսյանն էր, թե ով էր, բայց նրանք գիտեին այդ արժեքները, դրա համար արժևորվեցին սրանք: Ու այսօր էլ օգտագործեցինք նույն զգեստները. Դրա համար եմ ասում, որ պատմությունը այս ժամանակահատվածում չի կանգնում, շարունակվում է:
Այս իմաստով՝ Ռիտա Սարգսյանը շատ ճիշտ որոշում կատարեց»:
Առհասարակ, բալետմայստերը կարծում է, որ հայ ազգի առաքելությունը մշակութային դոնոր լինելն է, և այն պետք է իրագործվի նաև այսօր. «Մեր ազգի ֆունկցիան ի՞նչ է՝ մենք չենք կարող մյուս ազգերի հետ մրցել սառնարան սարքելով, հեռուստացույց սարքելով. մեր մշակույթով, մեր մտքով, գաղափարներով պետք է գնանք դուրս՝ կիսվելու, իսկ դա այս գաղտնիքների մեջ է, որոնք ես բացատրում եմ ու ուզում եմ, որ բոլորն իմանան՝այս ամեն ինչը ստեղծվել է հայկական լեռնաշխարհում՝ անգամ բալետային շարժումները այստեղ են ստեղծվել՝ որպես ծեսեր են ստեղծվել ու ծիսականից դուրս են եկել»:
Զարուհի Դիլանյան