«ՍանիՏեքի» աշխատակիցները պարզաբանումներ են պահանջում անձամբ Հայկ Մարությանից
Երևանի քաղաքապետարանի մոտ անցկացվող «ՍանիՏեքի» աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ քաղաքապետարանը «ՍանիՏեքի» աշխատակիցներին ոչինչ պարտք չէ:
«Օգոստոս ամսին քաղաքապետարանը «ՍանիՏեքին» վճարել է 165 միլիոն դրամ: Իմ գործընկերը՝ «ՍանիՏեքի» մամուլի պատասխանատուն, ասել է, որ աշխատակիցների աշխատավարձերը փոխհատուցելու համար անհրաժեշտ է 132 միլիոն դրամ, այսինքն՝ մեր փոխանցած գումարն ավելի քան բավարար էր աշխատակիցների աշխատավարձերը բաժանելու համար: «ՍանիՏեքն» ասում է, որ իրենք նախ այլ ծախսեր են անում, հետո նոր՝ աշխատավարձեր բաժանում, բայց մենք չգիտենք՝ ինչ ծախսերի մասին է խոսքը, և որքանով է դա կապված քաղաքապետարանի հետ: Եվ երբ աշխատողն աշխատավարձ չի ստանում, նա պետք է դիմի իր գործատուին»:
Ավագանու անդամներն ասում էին, որ քաղաքապետարանը լուծումը գտել է, Հակոբ Կարապետյանը կարծես տեղյակ չէր այդ մասին:
«Ես չգիտեմ, թե ի՞նչ է ասել ավագանու անդամը: Հիմա քաղաքապետարանի իրավաբանները փնտրում են միջոցներ, որ դուք ձեր աշխատավարձերը ստանաք, մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ փողը հասնի ձեզ»:
«ՍանիՏեքի» աշխատակիցները, սակայն, պահանջում են, որ իջնի և իրենց հարցերին պատասխանի հենց քաղաքապետը:
«Դերասանը եկել դարձել ա քաղաքապետ: Էն ժամանակ ասում էր՝ «ժողովուրդ ջան, ժողովուրդ ջան», Փաշինյանի միջոցով եկավ, նստեց, դե թող բերի հիմա մեր աշխատավարձերը տա: Թող քաղաքապետն իջնի, ասի՝ ի՞նչ ա եղել: Թող հելնի ասի՝ փո՞ղ եք ուզում, կկարողանամ՝ կտամ, չեմ կարողանա՝ չեմ տա»:
Աշխատակիցները քաղաքապետարանից պահանջում են իրենց գումարներն առձեռն տալ, ասում են՝ իրենցից շատերի հաշիվների վրա կալանք է դրված:
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը նորից պամպերսներ է բերել քաղաքապետին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ