«Իրենց քթերից կբերենք…». Հրաչ Բերբերյան
«Մեր բանջարեղենի հիմնական արտադրությունը պակասել է մորմազգու ցեցի պատճառով»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Սկզբից այդ պայքարը այսպես գնաց. վարչապետին անընդհատ նախարարներն ու մանկլավիկները համոզում էին, որ շոգից է, որ դաշտի լոլիկ չունենք, հետո Արտաշատում երբ գյուղապետները ոտքի կանգնեցին, ասացին, որ Բերբերյանը ճիշտ է, դա մորմազգու ցեցն է, այդ նախարարները փախան: Եվ անմիջապես վարչապետի երրորդ հանձնարարությամբ գրվեց բիզնես ծրագիր: Մի առաջարկը ֆերոմոնային թակարդների մասին էր, որը, ինչպես ասել եմ՝ տգետները չեն հասկանում, որ դա միայն մոնիտորինգի համար է, պայքարի միջոց չէ: 11 մլն փող են ծախսել 10 հեկտարի համար, բայց լավագույն դեպքում՝ 3 մլն դրամ պետք է ծախսվեր՝ այդ թղթե թակարդները տեղադրելու համար: Այսինքն՝ այստեղ էլ պարզ է՝ ինչ է կատարվել կառավարությունում»,- ասաց նա՝ ընդգծելով՝ մյուս պայքարի մեթոդի վրա ծախսված գումարի չափից տեղյակ չէ, միայն գիտի, որ փորձել են թունաքիմիկատներով պայքարել:
«Բայց ոնց բացատրենք սրանց, որ մորմազգու ցեցն ամեն 14 օրը մեկ ձվադրում է անում, այսինքն՝ խոսքը պետք է լիներ կոնկրետ տարածքում 14 օրը մեկ պայքար տանելու մասին, որ հիմնական արմատախիլ արվեր: Մի երկու անգամ գնացել՝ սրսկել են, ակտերը ստորագրել են, որ գործ են արել, և նույն գյուղապետերը բողոքում են, որ որտեղ պայքար է տարվել, ցեցը երկու անգամ շատացել է: Շատ եմ ցավում, որ այսօր կառավարությունը կոռուպցիայի դեմ է պայքարում, բայց կողքերը չի նայում»,- ասաց նա:
Բերբերյանի խոսքով՝ Գյուղնախարարության փակումը հարված էր գյուղատնտեսությանը. «Իմ համոզմամբ՝ դա միտումնավոր արվեց: Բայց քթերից կբերենք իրենց, այդ նախարարությունն էլի կբացվի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում