Բաժիններ՝

«Հայկական հեքիաթներ»-ն առաջին հորիզոնականում է

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Երկրորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Երրորդ տեղում է Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդություններն անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների և միահյուսելով իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:

Չորրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Հինգերորդ հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Չիպոլինոյի արկածները» գիրքը: Ռոդարիի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղենով մարմնավորված կերպարների զվարթ մի աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են. արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն, չի խանգարում հեղինակին անդրադառնալու ամենալուրջ թեմաների, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:

Վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ներառող ժողովածուն՝ նոր ու շքեղ պատկերազարդումներով: Գրքում ներառված են դասականի ամենահայտնի հեքիաթները՝ «Չախչախ թագավորը», «Տերն ու ծառան», «Սուտլիկ որսկանը», ինչպես նաև փոխադրություններն ու թարգմանությունները:

Յոթերորդ հորիզոնականում է Ա. Կոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են» գիրքը: Հանրահայտ Շերլոք Հոլմսի անհավանական, գրավիչ և անսպասելի շրջադարձերով լի արկածները պատանի ընթերցողներին հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու իրենց շրջապատող աշխարհն ու երևույթները, զարգացնելու քննադատական մտածողության հմտությունները:

Ութերորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներն» են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Իններորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մի անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Բլեքը ինչ-որ կերպ ճակատագրով կապված է Հարրիի հետ:

Տասներորդ տեղում է Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում»  գիրքը: Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր յուրովի են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:

 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս