«Համակարգն ամբողջությամբ նույնն է մնացել, գործող անձինք են փոխվել». Արտակ Կիրակոսյան
«Կարծում եմ՝ խոսքը համակարգային փոփոխությունների մասին է, որովհետև այն, ինչ մենք մինչև հիմա տեսել ենք, առանձին ինչ-որ դրվագներ էին։ Մինչև հեղափոխությունն անընդհատ խոսվում էր համակարգային կոռուպցիայի մասին, բայց ըստ էության համակարգն ամբողջությամբ նույնն է մնացել, գործող անձինք են փոխվել։ Եթե սա է նկատի ունեցել վարչապետը, ապա դա ողջունելի է, որովհետև իրական փոփոխությունների կարելի է հասնել համակարգային փոփոխությունների միջոցով»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով իրավապահ համակարգի մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ կոռուպցիայի դեմ պայքարին պետք է ռեստարտ անեն և նոր թափ հաղորդեն։
Դիտարկմանը, որ «պատերին ծեփռտելու», «ասֆալտին փռելու» բառապաշարը, կարծես, այլևս չի կիրառվում, արդյո՞ք այդ խնդիրն այժմ էլ դրված է իրավապահների առջև, Ա.Կիրակոսյանը պատասխանեց, որ հանրային սպասելիքների իմաստով դա դեռ շարունակվում է.
«Պարզ է, այդ տիպի գործողությունները չեն կարող ողջունելի լինել։ Ինչպես ասացի՝ խնդիրը համակարգային լուծումների մեջ է, բայց եթե ինչ-որ հանցագործություններ են կատարվել, մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն, և պատիժը պետք է լինի իրավունքի, օրենքի սահմաններում։ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ փորձում ենք նույն օրենսդրական տրամաբանության, նույն օրենքների տառը պահպանելով՝ հասնել էական փոփոխությունների, որը, կարծում եմ, ուղղակի հնարավոր չի։ Պետք է իշխանության բոլոր ճյուղերն աշխատեն, օրենսդիրն օրենսդրական փոփոխություններ իրականացնի, դատական համակարգում վերջապես պետք է առնվազն վերաքննիչ կամ Սահմանադրական դատարանների մակարդակում նախադեպային իրավունքի հնարավորություններով փոխենք մոտեցումները։
Այսինքն՝ արդյունավետ աշխատելու համար համակարգային փոփոխություններ են պետք, քանի որ, ի վերջո, բացի մեղավորներին պատժելու ֆունկցիայից, այդ պատիժը պետք է նաև կանխարգելիչ ֆունկցիա ունենա։ Եվ այդ կանխարգելիչն առանձին գործ է, որը հիմա, կարծես, չենք տեսնում և որևէ վստահություն չունենք, որ Ա մարդուն Բ-ով փոխարինելուց հետո՝ վերջինս ինչքան ժամանակ կարող է նույն համակարգում մաքուր աշխատել, շեղումը երբ կկատարվի»։
Անդրադառնալով վարչապետի խոսքին, որ կարևոր է ոչ միայն նախկինում տեղի ունեցած կոռուպցիոն բնույթի հանցագործությունները բացահայտելը, այլև կոռուպցիայի դեմ պայքարն այսօրվա պետական կառավարման համակարգի իմաստով, Ա.Կիրակոսյանը նշեց, որ դա քիչ է, խոսքը միայն նորի վարակվելու մասին չէ.
«Ժամանակին իմ տարիքով գործընկերներից մեկը պատմություն էր պատմում, որ խորհրդային տարիներին կաթի գործարաններից մեկում որոշել են, որ միայն մածունը քիչ է, այլ տեսակի մթերք՝ կեֆիր և այլն, արտադրեն, բայց ինչ անում էին, վերջում մածուն էր ստացվում, որովհետև մածունի բակտերիաներն ամբողջ համակարգը գրավել էին։ Այսինքն՝ ո՞րն է մեր հույսը, որ ինքնազոհ անձանց մի խումբ պետք է լինի, որ կյանքի գնով, բոլոր դժվարություններով պետք է աշխատե՞ն։ Այդ ճանապարհը վտանգավոր է, և հույս ունենալ, որ մենք հետզհետե երկարաժամկետ արդյունքների կհասնենք, ճիշտ չէ։ Խնդիրն այն չէ, որ հայաստանցիները վատն են եվրոպացիներից, և դա է երկրի խնդիրների հիմնական պատճառը։ Կան համակարգային խնդիրներ, ավելի կառուցվածքային, և այլն, որտեղ փոփոխություններ են պետք»։