«Մեկ գործով պայմանավորված՝ լուրջ ճնշումներ են գործադրվում դատական համակարգի նկատմամբ». Փաստաբան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղղել է ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության:

Հիշեցնենք, որ օրերս սույն որոշման մասին հայտարարել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն այս գործընթացը որակեց աննախադեպ, քանի որ կիրառվելու է Սահմանադրության այն հոդվածը, որը նախատեսում է իմպիչմենտի՝ պաշտոնանկության գործընթաց.

«Շատ կարևոր է, որպեսզի հանրությունը պատկերացում ունենա, թե ինչի մասին է խոսքը, և ինչպիսի վտանգներ այստեղ կան:

Գործ ունենք մի գործընթացի հետ, որը սկսվել է մայիսի 20-ին՝ դատարանների շրջափակմամբ, հունիսի 20-ին, երբ ինքնահռչակումը տեղի ունեցավ, որը ես ընկալում եմ՝ որպես մի  գործընթաց, որի վերջնանպատակը դատական իշխանության նկատմամբ՝ ընդհանրապես, ՍԴ նկատմամբ՝ հատկապես ու մասնավորապես, գործող քաղաքական ուժի վերահսկողությունը տարածելն է»:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նույնպես սույն որոշումը դիտարկում է նույն հարթության մեջ՝ դատարանների արգելափակումից՝ մինչև կոնկրետ քրեական գործով՝ Ռոբերտ Քոչարյանին առնչված դատավորների հանդեպ սկսված գործընթացներ ու ՍԴ հայտնի որոշում, որին էլ հաջորդեց «Իմ քայլը» խմբակցության նոր նախաձեռնությունը.

«Ինձ համար ամենակարևորը նա է, որ ըստ էության, մեկ գործով պայմանավորված՝ լուրջ ճնշումներ են գործադրվում դատական համակարգի նկատմամբ, և իրավական պետության համար ոչ հարիր գործողություններ են իրականացվում  գործադիր մարմնի կողմից:

Արդեն հարցը հասել է նրան, որ պատգամավորները հնչեցնում են կարծիքներ, որ, եթե «Իմ քայլը» ինչ-որ մի բան ցանկանում է, ոչ ոք նույնիսկ խոսելու իրավունք չունի. ապա արդեն լուրջ մարտահրավեր է իրավական պետությանը»:

168.am-ի հարցին՝ եթե սա մարտահրավեր է իրավական պետությանը, ապա արդյոք կարո՞ղ ենք ականատես լինել նաև միջազգային արձագանքների, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց.

«Միջազգային կառույցների արձագանքը, որպես կանոն, լինում է որոշակի ժամանակային խզվածքով և ոչ միշտ հրապարակային, այն նաև ունի որոշակի գին, և մենք կարող ենք անգամ չիմանալ, թե վարագույրների հետևում ի՞նչ հարցեր են ներկայացվել և ի՞նչ բանակցություններ են իրականացվել, որպեսզի հարցերն ավելի մեղմ ներկայացվեն կամ չներկայացվեն, և պետությունն ի՞նչ է դրա համար պատրաստ վճարել կամ վճարում է»:

Արձագանքելով մեր դիտարկմանը, թե այս գործընթացը հաճախ որակում են՝ որպես ժողովրդի ցանկություն, որն ուզում է տեսնել նոր դատական համակարգ, և իրենք են ստանձնել այն, քանի որ ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչներն իրենք են, Լ. Սահակյանն ասաց.

«Այստեղ նորից կանգնում է նպատակը՝ ի՞նչ նպատակով, և արդյո՞ք մեր նպատակն ունենալն է այնպիսի դատավորներ, որոնք իրականում արդարադատություն են իրականացնում, թե՞ այնպիսի դատավորներ, որոնք իշխանահաճո որոշումներ են կայացնում»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս