Ի վերջո, շնորհավորե՞լ են, թե՞ չեն շնորհավորել

2019թ. հուլիսի 3-ին իտալացի սոցիալ-դեմոկրատ Դավիթ-Մարիա Սասոլին 2.5 տարով դարձավ Եվրամիության նոր խորհրդարանի ղեկավար։

Գործընկերային հարաբերությունների տրամաբանության մեջ մեր իշխանություններն անհապաղ պետք է շնորհավորեին վերջինիս այդ պատասխանատու ու շատ կարևոր պաշտոնում նշանակվելու համար, ինչպես որ արեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հուլիսի 4-ին՝ Դավիթ-Մարիա Սասոլիի ընտրության հաջորդ օրն իսկ, շնորհավորական նամակ ուղարկելով նրան։

Նամակում մասնավորապես ասված էր.

«Ձերդ գերազանցություն,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ ընտրվելու առթիվ:

Ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության գործում Եվրոպական խորհրդարանի առաքելությունը կարևորվում է ոչ միայն Եվրամիության տարածքում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Արցախում ևս հավատում ենք ժողովրդավարական արժեքներին. մեր ժողովուրդը նույնպես հետևողական է ժողովրդավարական երկիր զարգացնելու և իրավունքի գերակայությունն ամրապնդելու իր ձգտման մեջ: Այս առումով Արցախում բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի անդամների հետ մեր կապերը, որն անգնահատելի ռեսուրս է փորձի փոխանակման համար: Հուսով եմ, որ Ձեր նախագահության ընթացքում Եվրոպական խորհրդարանը կլինի ավելի ինտեգրող՝ իր արժեքները կիսող կառույցների և ժողովուրդների համար: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ գործունեություն՝ հանուն Եվրոպայի ժողովրդավարական տան և բաց դռներով Եվրոպայի»:

Իսկ ահա Հայաստանի իշխանությունները բավականին երկար ժամանակ կարծես թե ականջի ետև են գցել դա, և ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից Եվրոպառլամենտի նախագահին շնորհավորական նամակ ուղարկելու մասին որևէ պաշտոնական հիշատակում չկար։

Երեկ ֆեյսբուքյան մի գրառման շրջանակներում ԱԺ նախագահի խոսնակը հայտարարեց, որ, այնուամենայնիվ, շնորհավորել են, սակայն այդ մասին որևէ հիշատակում ոչ ԱԺ կայքում կա, ոչ մամուլում։ Ստացվում է, որ կամ թաքուն են շնորհավորել, կամ չեն շնորհավորել, և հիմա հետին թվով պետք է փորձեն այդ բացթողումն ուղղել։

Ի դեպ, հուլիսի 5-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այդ թեմայով ֆեյսբուքյան գրառում էր կատարել. «Հուլիսի 3-ին Եվրոպական խորհրդարանն ընտրեց նոր ղեկավար։ Իտալացի սոցիալ-դեմոկրատ Դավիթ-Մարիա Սասոլին 2.5 տարով դարձավ ԵՄ նոր պառլամենտի ղեկավար։ Մտածում էի, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարը կշնորհավորի իր գործընկերոջը՝ հաշվի առնելով խորհրդարանական ձևաչափով Եվրոպական Միության հետ տարիների գործընկերությունը։ Դե, անգամ քաղաքականության մեջ կան բնական երևույթներ, որ տեղի պետք է ունենան ինքնըստինքյան, by default։ Անցավ երկու օր։ Ստիպված հիշեցնում եմ։ Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի և հարաբերությունների հարց է»։

Այդ գրառմամբ Աշոտյանն  իշխանություններին հուշել էր, թե որքան կարևոր են դիվանագիտական հարաբերությունների ու, մասնավորապես, խորհրդարանական դիվանագիտության մեջ նման «մանրուքները»։

Դարձյալ՝ միգուցե թաքուն են շնորհավորել, որ Արմեն Աշոտյանը հանկարծ չմտածի, որ իր հուշումից հետո են շնորհավորել, իսկ եթե չեն շնորհավորել, ուրեմն սա արտաքին հարաբերություններում թույլ տված կիքսերից հերթականն է։

Տեսանյութեր

Լրահոս