Նոր առարկա՝ դպրոցականների համար. նախարարությունում քննարկումներ են
Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության առաջարկով գիրք է պատրաստել դպրոցականների համար:
Կոչվում է Սպառողական գիտելիքների հիմունքներ և, ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվանից կդասավանդվի դպրոցներում:
Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի կարծիքով՝ սա շատ կարևոր առարկա է, մարդիկ կամաց-կամաց իրենց իրավունքները պետք է իմանան: Կա ինֆորմացիա, թե, օրինակ, ինչպե՞ս օգտվել տրանսպորտից, ինչպե՞ս հասկանալ՝ տուրիստական ընկերություններն իրենց խաբո՞ւմ են, թե՞ ոչ, ինչպե՞ս խաղամոլությամբ չտարվեն, թակարդը չընկնեն, և այլն:
Ծնողներից շատերը 168.am-ի հետ զրույցում ողջունեցին այս գաղափարը՝ նշելով, որ դեռ փոքրուց պետք է երեխաներն իմանան սպառողի իրավունքները, ոմանք էլ ասացին, որ Հասարակագիտություն առարկան են անցում դպրոցներում, և այն բոլոր բացերը լրացնում է:
Մյուսներին հետաքրքրեց նաև այն հարցը, թե ովքե՞ր են դասավանդելու այդ առարկան:
Մելիտա Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիրքն արդեն ներկայացրել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին, որպեսզի քննարկեն:
«Նախարարության հետ քննարկեցինք և հարմար գտանք, որ 8-րդ դասարանում անցնեն, քանի որ ավելի թեթև են դասաժամերը: Սրա համար 34-36 ժամ կպահանջվի: Պարզապես, հիմա չգիտենք՝ առանձի՞ն կդասավանդվի, թե՞ մեկ այլ առարկայի հետ: Ինչ վերաբերում է ուսուցիչների հարցին՝ ասել ենք, որ, եթե դժվարանան դասավանդել, ապա մենք նրանց կօգնենք, նաև վերապատրաստում կանցնեն: Սա ուղղակի գիտելիք է, որ մենք տալիս ենք երեխային, որպեսզի նա դառնա քաղաքակիրթ սպառող, վաղը կամ մյուս օրը խնդիրների առջև չկանգնի: Օրվա մեջ բազում դիմում-բողոքներ ենք ստանում. այս ապրանքը գնեցինք՝ հետ չեն վերցնում, սա գնեցինք՝ թունավորվեցինք, չենք կարողանում հաստատել, և այլն: Ամեն մարդ պետք է իր իրավունքներն իմանա, իրեն պաշտպանի: Պետք է նաև իր պարտականություններն իմանա: Առարկան կարող է վերջին ժամին լինել, երեխաներին տանեն խանութ ու այդպես բացատրեն, թե ո՞րն է սպառողի, վաճառողի իրավունքն ու պարտականությունը: Տանեն արտադրամասեր ու ցույց տան, թե ինչպե՞ս է արտադրվում այս կամ այն ապրանքը: Երեխաները ոչ քննություն են հանձնելու, ոչ էլ բալային համակարգ կա, չի պահանջվում նաև տնային աշխատանք: Առարկան, հավանաբար, կդասավանդվի հաջորդ տարվանից»,- 168.am-ին ասաց Մելիտա Հակոբյանը:
Անի Կարապետյան