Բաժիններ՝

«Այդ պոտենցիալը չի զարգանում մի քանի պատճառներով». Գագիկ Մակարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ երեկ կրկին անդրադարձել էր աշխատատեղերի քանակին: «Այսօր Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրեց 2018 թվականի մայիսից ի վեր գրանցված աշխատողների ճշգրտված թիվը: Նշեմ, որ սա դինամիկ թիվ է, որը ՊԵԿ-ը կարող է ստուգել և ճշգրտել ցանկացած պահի:

Վերջին ճշգրտման արդյունքում մենք ունենք ավելի լավատեսական տեղեկություններ: Ըստ այդմ, 2018 թվականի մայիսից մինչև օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս)՝ երեկ հայտարարված 64 հազար 899-ի փոխարեն»,- գրել էր վարչապետը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ մեր երկրում աշխատատեղերի ստեղծման տարեկան պոտենցիալը մոտ 100 հազար է:

Ըստ նրա՝ 2018 և 2019 թվականներին ստեղծվող ընկերությունների քանակը՝ ՍՊԸ-ներ և ԱՁ-ներ, այդ թիվն է ցույց տալիս, քանի որ, եթե անհատ ձեռնարկատերերը գրանցումից  կարճ ժամանակ անց կարողանան 2 աշխատատեղ ապահովել, իսկ ՍՊԸ-ներում լինի միջինը 5 աշխատատեղ (կայացած ՍՊԸ-ներում միջինում 14 է), ապա ստացվում է մոտ 100 հազար աշխատատեղ.

«Այդ պոտենցիալը չի զարգանում մի քանի պատճառներով, առաջինը՝ սկսնակները վարկեր չեն ստանում և խեղճանում են, երկրորդը՝ շուկան սահմանափակ է, մրցակցությանը չեն դիմանում, և երրորդը՝ դրանց մի մասը ստեղծվում է մեկանգամյա նպատակների համար, օրինակ՝ վարկ վերցնելու, և այլն: Եթե հաշվի առնենք, որ որոշ քաղաքացիները զարգացման ծրագրեր են մշակում, որոշ ՓՄՁ-ներ զարգանում են՝ մենաշնորհների վերացման արդյունքում, ստուգումներ չկան, խոչընդոտող ավելորդ հետապնդումներ հարկային մարմինների կողմից չկան, ինչպես նախկինում էր, վարկեր վերցնելու հնարավորությունները գուցե մի քիչ լավացել են, քանի որ նախկինում բանկերը վարկավորում էին խոշորներին, որոնք իրենց ընկերներն էին, օլիգարխներ էին, կամ ունեին երաշխավորված բիզնեսներ, իսկ այժմ նրանք նույն չափով չեն վերցնում վարկ, կամ այդ հնարավորությունները փոխվել են, և բանկերը շահագրգիռ են գումարներ տրամադրել նաև այլ կազմակերպությունների, ապա վարչապետի նշած ցուցանիշը ռեալ է:

Սակայն դրանից շուրջ 20-23 հազարն է նորաստեղծ, մնացածը ստվերից դուրս եկած աշխատողներն են: Մինչ այս Հայաստանում տարեկան մոտ 9000 աշխատատեղ էր ստեղծվում, հիմա դա գրեթե կրկնապատկվել է ու մի քիչ ավելի: Դա զարմանալի չէ, քանի որ ոգևորություն կա, Փաշինյանն այդքան գնում է գյուղեր, մարզեր, փոքր արտադրություններ են ստեղծվում»:

Ամենակարևորը, ըստ Գ.Մակարյանի՝ տուրիզմի զարգացումն է, որ տարեկան մոտ 10% աճ ունի, և այն գեներացնում է զբաղվածություն: Նա նշեց, որ այսօրվա ներդրումների  չափը և բացվող ձեռնարկությունների հնարավորություններն ավել թիվ չեն կարողանում ապահովել:

Անդրադառնալով ակտիվ հարկ վճարողների թվին, որ վարչապետն ասել էր, թե 2019-ի առաջին կիսամյակում՝ 2018-ի առաջին կիսամյակի համեմատ, աճել է 24.5 հազարով, Գ.Մակարյանը նշեց, որ այդ ցուցանիշը և աշխատատեղերի աճի ցուցանիշը համարժեք չեն, բայց կապվում են միմյանց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս