«Ես հույս ունեմ, որ սա ընդամենը շրջանառվող փուչիկ է, բայց եթե փուչիկ չի, դրա հետևում կանգնած է լրջագույն մարտահրավեր և լրջագույն վտանգ»
Հարցազրույց քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ:
– Տիկին Սեդրակյան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ում Ադրբեջանի որևէ կարգավիճակի հարց չի քննարկվում, իսկ ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովն էլ հայտարարել է, թե Ռուսաստանը դեմ չէ, որ որևէ երկիր ՀԱՊԿ-ում ստանա դիտորդի կարգավիճակ, այդ թվում՝ Ադրբեջանը: Ի՞նչ է կատարվում:
– Իհարկե, տհաճ է ճիշտ դուրս գալն այս գնով, բայց ինչպես հիշում եք՝ իմ քաղաքական գործունեության առաջին իսկ օրից ես պնդել եմ, որ Ռուսաստանի ստրատեգիական դաշնակցությունը շատ վտանգավոր դաշնակցություն է Հայաստանի համար, և եթե մենք ավելի բարենպաստ պայմաններում կարողանայինք սահմանափակել ռուսական և՛ անվտանգության, և՛ առևտրային, և՛ ամենաշատը գաղտնի ծառայությունների դերը Հայաստանի վրա, ապա մենք հիմա չէինք բախվի նման իրավիճակի:
Այժմ երբեմն փորձ է արվում Հայաստանի հին ու նոր իշխանություններին հակադրել իրար՝ իբրև նախկին պրոռուսական և այժմյան պրոարևմտյան կառավարություններ: Նման բան չկա, որովհետև պրոռուսական առաջին համախտանիշն այդ կառույցներին մասնակցությունն է:
Ի դեպ, ես նոր եմ վերադարձել միջազգային կոնֆերանսից, և ասեմ, որ Ռուսաստանի հետ դաշնակից լինելն առավելագույնս վնասում է Հայաստանի վարկանիշին՝ ոչ այնքան եվրոպական բարձրագույն ատյաններում, որտեղ նրանց համար միևնույն է, որքան իր անմիջական հարևանների՝ Վրաստանի, ուկրաինական գործոնն է այստեղ շատ վատ ազդում, և մենք գտնվում ենք այսպիսի հիմար կարգավիճակում, երբ առանց որևէ օգուտ ունենալու Ռուսաստանից՝ կրում ենք նրա հետ դաշնակցության բոլոր վնասները:
Գալով ձեր նշած խնդրին՝ ես հույս ունեմ, որ դա կլինի հերթական փուչիկը, որովհետև Ռուսաստանն իր ցանկությունները պարբերաբար հնչեցնում է՝ իբրև հավանականություն, և ասում է, թե Թուրքիան է ուզում դառնալ ԵԱՏՄ անդամ, Իրանն է ուզում դառնալ ԵԱՏՄ անդամ: Ես հույս ունեմ, որ ՀԱՊԿ-ի մասով դա նույնպես Ռուսաստանի կողմից շրջանառվող լուրն է: Ինչո՞ւ: Որովհետև եթե հանկարծ դա ճշմարտություն լինի, մենք կանգնած ենք լրջագույն վտանգի առաջ: Որովհետև հայտնի է, որ բոլոր բանակցությունների ժամանակ Ադրբեջանը Ռուսաստանին ուլտիմատիվ կերպով հայտարարում է, և դա թե՛ փորձագիտական մակարդակով, թե՛ քաղաքականամերձ ու քաղաքական շրջանակներում, որ Ադրբեջանը կհամաձայնի դառնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ՝ պայմանով, որ Ռուսաստանը համաձայնի «նվիրել», այսինքն՝ հետ տալ Ադրբեջանին Ղարաբաղը: Դա իրենք այդպես են ձևակերպում, որ Ռուսաստանն Ադրբեջանին պետք է հետ տա Ղարաբաղը: Եվ արդեն այդ շրջանառվող լուրը շատ վատ ազդանշան է, որովետև մենք երբեք չենք կարող իմանալ, թե ինչ գաղտնի և ստոր պայմանավորվածություններ կարող են արվել մեր մեջքի ետևում, հատկապես՝ մեր պետությունը, կարծես, արտաքին քաղաքական վեկտորը մի քիչ մի կողմ է դրել, գեոպոլիտիկան արհամարհում է: Գուցե դա ճիշտ մոտեցում է, բայց միևնույն ժամանակ՝ այդ բոլոր հարցերը շատ սուր կախված են Հայաստանի գլխին: Ես հույս ունեմ, որ սա ընդամենը շրջանառվող փուչիկ է, բայց եթե փուչիկ չի, դրա հետևում կանգնած է լրջագույն մարտահրավեր և լրջագույն վտանգ:
– Ադրբեջանն անցած տարի ևս ՀԱՊԿ անդամ դառնալու մասին այդ խոսակցությունները շրջանառեց, ապա կայացավ Պուտին-Ալիև հանդիպում, և այժմ Ռուսաստանի առաջարկությամբ փոփոխվում է ՀԱՊԿ կանոնադրությունը՝ սահմանվում են ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակներ: Այսինքն՝ ՌԴ-ն արդեն կոնկրետ քայլեր է իրականացնում:
– Ռուսաստանը նախաձեռնող է, և խաղաքարտին, Արցախից բացի, այլ բան դրված չի, որովհետև Ռուսաստանն Ադրբեջանին այլևս ոչինչ չունի առաջարկելու: Ադրբեջանն ապահով, ավտոնոմ էներգաանվտանգությամբ, ավտոնոմ ընդհանուր անվտանգությամբ երկիր է, ինչպես անգլիացիներն են ասում՝ «self a line», այսինքն՝ ինքն իր վրա հույս դնող: Եվ միակ խաղաքարտը, որի վրա կարող է խաղալ Ռուսաստանը, դա Ղարաբաղն է: Եվ հանկարծ այլ հավաստիացումներ մենք լսել չենք կարող: Ինձ թվում է, դրանով է պայմանավորված մեր համապատասխան մարմինների՝ ԱԳՆ, ԱԺ, քիչ թե շատ համարձակ հայտարարությունները, որովհետև նրանք էլ են հասկանում, թե որտեղից է քամին փչում:
– Ռուսաստանին ինչո՞ւ է պետք Ադրբեջանը ՀԱՊԿ-ում:
– Ադրբեջանը Ռուսսաստանին խիստ պետք է, որովհետև ՀԱՊԿ-ի՝ բոլոր մասնակից երկրների շարքում կունենա մի լրացուցիչ տարածական, որովհետև դրանով ավելի է ընդլայնվում Ռուսաստանի մուտքը դեպի ծով, դեպի նոր սահմաններ, դեպի ավելի ապահով ռուսական սահման: Սա՝ մեկ: Եվ երկրորդ՝ Ադրբեջանն էներգիայի աղբյուր է, և Ռուսաստանը նրան դիտում է ոչ միայն մրցակից, այլ նաև մրցակից, որին կարելի է բարեկամաբար չեզոքացնել:
– Իսկ այն, որ Ադրբեջանի ռազմական գործընկերներն են ԱՄՆ-ը, Թուրքիան, Իսրայելը, կարևոր չէ՞:
– Ոչ, ոչ, Ադրբեջանն իր քաղաքական և արտաքին ստրատեգիայում բազմիցս հայտարարել է, որ բացարձակ անկախ է, նեյտրալ է: Ադրբեջանը հավասարապես զենք գնում է թե՛ Ռուսաստանից, թե՛ Իսրայելից, թե՛ ԱՄՆ-ից, թե՛ այլ երկրներից, որտեղից նրան հաջողվում է դա: Այսինքն՝ ռազմական գործընկերություն չի, դա ռազմական առևտուր է: Իսկ մենք էլ այս նեղ պահին ինչ-որ առաքելություն ենք ուղարկում Սիրիա՝ դրանով շարժելով ԱՄՆ զայրույթը:
– ՀՀ ԱԳՆ խոսնակը հիշեցրել է ՀԱՊԿ չափորոշիչներն ու կանոնադրությունը, որ առանց կոնսենսուսի որոշում չի կայացվում, և որևէ մեկը չի կարող դառնալ անդամ:
– Այո, և ՀՀ իշխանություններն էլ են հասկանում, որ դա շատ մեծ վտանգ է հորիզոնում, և նրանք պետք է հասկանան, որ երբևէ ՀԱՊԿ-ը Հայաստանի շահերը չի պաշտպանել ու երբևէ ՀԱՊԿ-ը Հայաստանի խոսքը հաշվի չի առել: Դրա համար նոր իշխանությունները, երբ հռչակում էր նոր կարգ, այդ նոր կարգը պետք է շատ կտրուկ աներ գեոպոլիտիկ մակարդակի վրա, որովհետև ինչպես տեսնում ենք՝ համադրողական քաղաքականությունը որևէ օգուտ չի բերում:
– Հաշվի առնելով այդ կոնսենսուսի հանգամանքը, ՀՀ-ի ձայնը կարո՞ղ է որևէ կերպ շրջանցվել, կամ պարտադրվել որևէ բան:
– Իհա՛րկե կարող են և, ամենայն հավանականությամբ, կշրջանցվի, ինչպես շրջանցվում են ՀՀ պետական շահերը, ու շրջանցվում է անվտանգության պահանջը: