Բաժիններ՝

«Ես չեմ կարծում, որ կգտնվի մի մարդ, որը բացասական կգնահատի արտաքին պարտքի նվազումը». Թաթուլ Մանասերյան

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը դրական է գնահատում վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքի 2.1%-ով նվազումը։

«Ես չեմ կարծում, որ կգտնվի մի մարդ, որը բացասական կգնահատի արտաքին պարտքի նվազումը։ Սա շատ կարևոր ցուցանիշ է և, եթե անգամ 1%-ով էլ նվազում է պարտքային բեռը, ապա դա իհարկե ողջունելի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը։

Ըստ նրա՝ պարտքի նվազման ազդեցությունը տնտեսության վրա կարելի է դիտարկել երկու հարթությունում. «Առաջինը՝ եթե արտաքին փոխառություններն արդյունավետ են օգտագործվում, ապա հենց դրա արդյունքում ստացված եկամուտներից էլ բաժին է հասնում արտաքին պարտքի սպասարկմանը։ Հակառակ դեպքում պարտքը ծանրանում է ոչ միայն պետական բյուի վրա, այլև տարեցտարի իսկապես խնդիր է դառնում և՛ տնտեսության, և՛ հասարակության համար։ Երկրորդը՝ որքան քիչ մենք պարտքային բեռ ունենանք, այնքան ծախսային մասով փոխանակ պետական պարտքը սպասարկենք, այլ կարևոր խնդիրներին կարող ենք ուղղել այդ միջոցները»։

Անդրադառնալով կապիտալ ծախսերի թերկատարմանը՝ Թ.Մանասերյանը նշեց, որ դրանք առաջնահերթություն են ՀՀ համար և պետք է ամեն ինչ անել, որ ստեղծվի ամուր հիմք՝ հետագա տարիների տնտեսական զարգացման համար։ Նրա համոզմամբ՝ այսօր աճը վերականգնողական է, բայց չկա տնտեսության զարգացում։

Տնտեսագետի կարծիքով՝ արտաքին պարտքի նվազեցումն ու կապիտալ ծախսերի թերակատարումն անպայման չէ փոխկապակցել. «Կապիտալ ծախսերը գոնե այս շրջանում ՀՀ համար պետք է լինեն առաջնահերթություն, իսկ արտաքին պարտքն էլ, բնականաբար, նախ պետք է արդյունավետ օգտագործվի և արդյունավետ կառավարվի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս