Իշխանությունը հաշվարկե՞լ է Ամուլսարի հանքի չշահագործման դեպքում տնտեսական սպասվող վնասները
«Ընդհանրապես՝ մարդու առողջությունն ամենաթանկ բանն է, և սրանք լոկ խոսքեր չեն, և շատ մանիպուլյատիվ կլինի, եթե մի կողմից տնտեսական օգուտները դնենք և ասենք, որ շատ հնարավորություններ կան: Կա՞ն ռիսկեր: Այո՛, կան ռիսկեր, բայց կարծում եմ՝ ընտրված մեղմման միջոցառումներն առավել են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն հաշվարկներ Ամուլսարի հանքի չշահագործման դեպքում տնտեսական ազդեցության վերաբերյալ, արդյո՞ք այդ վնասները համեմատելի են առողջության համար հնարավոր վնասների հետ:
Նա կարևորեց, որ բնապահպան մտահոգ խմբերն անմասն չմնան մոնիտորինգի իրականացման գործընթացներից:
Ա.Մանուկյանը շեշտեց, որ, եթե հարցը սկզբնական փուլում լիներ, որևէ մեկը տնտեսական օգուտների հետևից չէր գնա, հատկապես՝ կառավարության ծրագրում հստակ գրված է, որ ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության ծավալը պետք է նվազեցվի, այդ թվում՝ բնապահպանական ստանդարտների խստացման:
Ա.Մանուկյանը կարևորեց նաև, որ խաղի կանոնները լինեն ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների համար, քանի որ խտրական վերաբերմունքն ամենավատ մեսիջն է.
«Երբ դու օտարերկրյա ներդրողին տրամադրում ես թույլտվություն և խտրական վերաբերմունք ես ցուցաբերում, դրանից ավելի վատ մեսիջ չի կարող լինել տնտեսական առումով՝ որպես երկիր։ Եվ այս կոնտեքստում թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմինները պետք է շատ ավելի ինտենսիվ ձևով այս ոլորտի համընդհանուր ստանդարտների բարձրացման քաղաքականություն մշակեն»։
Նա վստահեցրեց, որ ոչ մեկը ձեռքերը ծալած չի նստել, և արդյունքները շատ մոտ ժամանակներս կտեսնենք ԱԺ-ում: