«Ես էլ եմ ձեր նման փողոցում խաղացել». Յուրա Մովսիսյանն այցելել է Երևանի բակերից մեկը․ armeniasputnik.am

Ճանաչված ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն սեպտեմբերի 7-ին այցելել է Երևանի Ծարավ աղբյուրի փողոց` հանդիպելու իրեն տեսաուղերձ հղած երեխաներին։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ որոշ ժամանակ առաջ երեխաները հավաքվել էին բակում ու տեսաուղերձով իրենց բակ հրավիրել ֆուտբոլիստին։ «Յուրա Մովսիսյան ջան, մենք քեզ շատ ենք սիրում, խնդրում ենք` արի մեր բակ»,– ասել էին փոքրիկ ֆուտբոլասերները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրաբ Եգանյանը տեսաուղերձը փոխանցել էր Մովսիսյանին, վերջինս էլ խոստացել էր հարմար պահի անպայման կատարել երեխաների խնդրանքը։

Մովսիսյանը խոստումն իրագործել է երեկ, հանդիպել է երեխաների հետ, ստորագրել է նրանց գնդակների, շապիկների և նույնիսկ ձեռքերի վրա ու լուսանկարվել է բոլոր ցանկացողների հետ։ Այս ամենից հետո հավաքվածների հետ դիտել է բակի մեծ էկրանին ցուցադրվող իր գոլերից մի քանիսը, արժանացել է երեխաների և նրանց ծնողների ծափահարություններին և բարեմաղթանքներ ու խորհուրդներ հղել երեխաներին։

«Ես միշտ էրեխեքին մի բան եմ ասում, նենց արեք, որ դուք մեծանաք, ես գամ ձեր հետ նկարվեմ, ստորագրություններ վերցնեմ։ Ես էլ եմ ձեր նման եղել, փողոցներում խաղացել։ Ամեն ինչի էլ կհասնեք, եթե լավ սովորեք։ Կյանքում չմտածեք` ֆուտբոլիստ պիտի դառնամ, ու վերջ։ Ամենակարևորը դպրոցն ա։ Կյանքում դեբիլ ֆուտբոլիստ չի լինում։ Շատ քիչ ա լինում, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնան, հետն էլ սովորած չլինեն»,– ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս