
Թուրքիայում ամենից հաճախ մահվան հանգեցնող հիվանդությունը քաղցկեղն է

Թուրքիայում առավել հաճախ մահվան հանգեցնող հիվանդությունը քաղցկեղն է, որն այս առումով գերազանցում է անգամ սրտանոթային հիվանդություններին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Կանադայի «McMaster» համալսարանի մասնագետները ուսումնասիրել են 35-70 տարեկան ավելի քան 160․000 հիվանդի հիվանդության և մահվան պատմությունները։
2005-2016 թթ․ ընդգրկող ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ընդհանուր առմամբ աշխարհում ամենամեծ մահացությունները դեռևս գրանցվում են սրտանոթային համակարգի հիվանդությունների պատճառով։ Բայց բարձր և միջին եկամուտ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Շվեդիան, Կանադան, Չիլին, Արգենտինան, Լեհաստանը և Թուրքիան, քաղցկեղը մահվան հանգեցնող առաջատար հիվանդություն է դարձել։
Բարձր եկամուտ ունեցող երկրներում քաղցկեղից մահացությունների թիվը կրկնակի անգամ գերազանցում է սրտանոթային համակարգի հիվանդություններից մահացությունների թվին։ Իսկ ցածր եկամուտներ ունեցող երկրներում այդ հարաբերակցությունն արդեն հասնում է 3/1-ի։
Ըստ մասնագետների՝ առաջիկայում քաղցկեղը կարող է դառնալ ընդհանրապես ողջ աշխարհում մահացությունների ամենահիմնական պատճառը։