«Բալզակ»-ն առաջին տեղում է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյոք կենդանին երբեմն ավելի բանական չէ՞, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:
Երկրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրքի լույս աշխարհ գալու պատմությունն է ներկայացնում հեղինակը:
Երրորդ հորիզոնականում է Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա աշխատանքները։ Ներկայացված են կայքերում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և դեռևս չհրապարակված գործեր։ Պատմվածքների թեմաները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, որոշ պատմվածքների հիմքում Արցախյան ազատամարտի դրվագներն են։
Չորրորդ տեղում է Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» : Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ հերոսական և, միաժամանակ, «մութ ու ցուրտ» տարիները, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։
Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:
Վեցերորդ տեղում է Նարեկ Մալյանի «Սրտերի թագուհին» վեպը: Համաշխարհային մեծության տարբեր քաղաքական գործիչների հետ աշխատած, քաղաքական ճակատագրեր փոփոխած և նորերը կերտած Ջոզեֆ Քլեյթընը որոշում է մեկուսանալ հեռավոր մի գյուղում և ապրել գյուղական կյանքով` զբաղվելով ոչխարաբուծությամբ, աճեցնելով և վաճառելով վարդեր:
Սակայն Ջոզեֆի հանգիստ ու կյանքի խաղաղ ընթացքն ընդհատվում է այն պահին, երբ նա իր տանը հայտնաբերում է Սառային` մի կնոջ, ում կյանքի հինգ տարին վերահսկվել և այլ ընթացք են ստացել հենց Ջոզեֆի հրամանով: Ո՞վ է այդ կինը, ի՞նչ է ցանկանում ստանալ Ջոզեֆից, ի՞նչ շարունակություն և հետևանքներ կունենա իրենց հանդիպումը: Եվ, ի վերջո, ի՞նչ կպարզվի, երբ Ջոզեֆը մտաբերի ու սկսի վերհիշել իր կյանքի թերևս ամենատպավորիչ աշխատանքային մարտահրավերը` «Սրտերի թագուհին» գործողությունը:
Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»:
Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում՝ մեր օրերի հերոսամարտում:
Ութերորդ հորիզոնականում Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին: «Ցտեսություն, Ծիտ»-ը հեղինակի առաջին վեպն է, որում ներկայացված են բանակից զորացրված Ծիտ մականվամբ տղայի մտորումները:
Վահրամ Սահակյանի «Ատյան ողբերգության» վեպն իններորդ հորիզոնականում է: Վեպի գլխավոր հերոսը հենց ինքը՝ գրողն է, ով անընդհատ հանդիպում է հասարակության տարբեր շերտերի մարդկանց և կենդանի ու առողջ երկխոսությունների մեջ մտնում նրանց հետ։ Այս գրքում հեղինակը հատկապես երիտասարդներին փորձում է ասել, որ պետք չէ հավատալ որևէ մեկին, պետք չէ տպավորվել, որովհետև այս կյանքում բոլորն ունեն շահեր և նպատակներ։ Պետք է մոռանալ կարծրատիպերը։
Տասներորդ հորիզոնականում է Պարույր Սևակի «Ընտիր էջեր» բանաստեղծությունների ժողովածուն: Գրքում ընդգրկվել են «Հայաստան», «Երգ եռաձայն», «Քիչ ենք, բայց հայ ենք», «Հայրենիք», «Ու եթե հայր եմ», «Որդուս», «Վանք մեծաց», «Իբրև սկիզբ», «Միանգամից», «Ապրել» և այլ հայտնի գործեր:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ