Բաժիններ՝

27 տարվա զինվորականը՝ Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու

Հայկական զինուժում 27 տարի ծառայելուց հետո հայրենի Արցախի մայրաքաղաքում մեծ փոփոխություններ բերելու մտայնությամբ Ստեփանակերտի ընտրություններին առաջադրվել է նաև Գրիգորի Սահակյանը: Նրան գիտեն շատերը՝ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում, հատկապես՝ զինվորական անցյալի շնորհիվ:

Գնդապետ Գրիգորի Սահակյանը «Հայկազովի» բրիգադի հրամանատարն է եղել, հայտնի է զիվորականի բարեխիղճ աշխատանքով, ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Ասկերանի ուղղությամբ իրականացված մարտական թեժ գործողությունների ժամանակ գնդապետն աչքի է ընկել փայլուն վարքագծով և արժանացել է Մարտական խաչ 1-ին աստիճանի մեդալի:

Եվ ահա 27 տարի դաշտային հրամանատարությամբ զինվորական ծառայություն անցած գնդապետն այսօր թողնում է ուժային կառույցը և մտնում է քաղաքական դաշտ: Սա շատերն են մեծ կորուստ համարում, ինքն էլ անձամբ այդ մասին խոսելիս չի թաքցնում ափսոսանքը՝ հարազատ միջավայրն ու ոլորտը թողնելու համար:

Պատճառներին անդրադառնալիս՝ զինվորական թեկածուն ընդգծում է իր այլևս մեծ դարձած ունակությունները՝ մեծամասշտաբ և ընդգրկուն խնդիրների կառավարման դաշտում:

«Ես իմ հմտություններն ու ավելին կարողանալու ունակությունն ինձ համար բացահայտեցի երևի թե ապրիլյան մարտերի ժամանակ: Հասկացա, որ իրադրության տերը կարող եմ դառնալ շատ ավելի բարդ իրավիճակներում, մեծ ներուժով կներգրավվեմ մեծ խնդիրների կառավարման գործում ՝ լինի դա ծառայության մեջ թե ցանկացած միջավայրում: Եվ ահա, 3 տարի անց ինչ-ինչ պատճառներով ընտրվեց այս ճանապարհը, ուժերս փորձելու համար միգուցե բարձր նոտա վերցրել, բայց վստահ եմ՝ կհաղթեմ Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին»,- 168.am-ի հետ զրույցում իր առաջադրման պատճառների մասին ասաց Գրիգորի Սահակյանը:

Արցախի մայրաքաղաքի զարգացման իր ծրագիրը թեկնածուն զուսպ, բայց իրատեսական է համարում: Ասում է՝ երկար տարիներ ծառայության բերումով ներգրավված չի եղել քաղաքային կյանքում.

«Հիմա գույքագրում եմ խնդիրները հերթով, և հանդիպումների ընթացքում ծրագիրս ավելի է ընդլայնվում: Բուկլետում լակոնիկ են նկարագրված պատկերացումներս, բայց մեր համաքաղաքացիները նրբանկատորեն այնպիսի խնդիրներ են առաջ քաշում, որոնց համար առանձնապես մեծ ռեսուրսներ պետք չեն, պարզապես լոկալ որոշումներով հնարավոր է կարգի բերել, և հակառակը՝ կան ընդգրկուն հարցեր, որոնց համար ստիպված ենք լինելու օրենսդրական փոփոխությունների հասնել, օրինակ՝ հողահատկացումները, Ստեփանակերտը քաղաքի զարգացման ծրագիր ունենալուց առաջ դեռ պիտի հատակագիծ ունենա: Սա շատ լուրջ հարց է և պահանջում է լուրջ մասնագիտական խմբի աշխատանք: Հակառակ պարագայում անիմաստ է դառնում քաղաքի երկարաժամկետ ծրագիր հռչակելը, ամեն եկած իշխանություն լոկալ լուծումներով կարկատան պիտի անի, քաղաքապետն իր քմահաճությամբ կարող է քաղաքի հողահատկացում անել, և այլն: Սա անթույլատրելի է զարգացող երկրի մայրաքաղաքի համար, մենք քաղաքի դիմագիծը պիտի հստակ ունենանք և պահպանենք այն՝ անկախ հաջորդ քաղաքային իշխանությունից»:

«Սասնա Ծռեր» կուսակցության և ՀՅԴ-ի կողմից իր թեկնածությունը սատարելու հայտարարությունների մեջ, վստահեցնում է, չկան քաղաքական պայմանավորվածություններ.

«Ինձ համար անակնկալ էր, մարդիկ ճանաչում են ինձ, պարզապես վստահություն են հայտնել իմ թեկնածության մասով, բայց ինքս էլ նախապայման եմ դրել առ այն, որ մեր համագործակցությունը բացառապես քաղաքային խնդիրների և քաղաքապետի ընտրությունների շրջանակում է լինելու, քաղաքական ապագա չեմ կապում այս ուժերի հետ»։

Հետագայի համար Գրիգորի Սահակյանը պլաններ ունի, ակնարկում է, որ կմտնի քաղաքական և ընտրական գործընթացների մեջ, իսկ թե որ ուժի հետ գործակցելով՝ չի հստակեցնում, ասում է՝ ինքս էլ փայլուն թիմ ունեմ, գուցե ինքս իմ թիմով ներգրավվեմ քաղաքական պրոցեսներին:

Հիշեցնենք, Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուները հինգն են՝ Արեգ Ավագյան, Արայիկ Ավանեսյան, Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան և Գրիգորի Սահակյան:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս