Բաժիններ՝

«Ստեփանակերտի զարգացման ծրագիրը ցանկացած թեկնածուի հաղթելու դեպքում անիրատեսական է». Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 8-ին, Արցախում Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են: Ստեփանակետի քաղաքապետը դառնալու հայտ ներկայացրած թեկնածուներից միայն Արայիկ Ավանեսյանին է կուսակցություն առաջադրել, մյուս բոլոր 4 թեկնածուները ՝ Արմեն Հակոբյանը, Գրիգորի Սահակյանը, Արեգ Ավագյանն ու Դավիթ Սարգսյանը, անկուսակցական են, ընտրություններին կմասնակցեն ինքնառաջադրման կարգով:

«Ինքնություն և միասնություն» կուսակցությունը հենց Արայիկ Ավանեսյանն է հիմնադրել՝ մի քանի համախոհների հետ միասին: Ընթացիկ տարվա սկզբին գրանցված քաղաքական միավորը նոր-նոր է սկսում թափ հավաքել, ունի միայն մեկ գրասենյակ, բայց արդեն հարյուրներով հետևորդներ են գրանցվել, ընդ որում՝ տարբեր տարիքային խմբերի:

Այս ձեռքբերումը նկատելի է նաև կուսակցության ֆեյսբուքյան ակտիվ էջից, տեսանելի է Արայիկ Ավանեսյանի հանդիպումների ընթացքում:

Իսկ դա նշանակում է, որ Ստեփանակերտի ընտրությունները փայլուն արդյունքի դեպքում իսկական տրամպլին կդառնան՝ 2020 թվականին կայանալիք Արցախի համապետական ընտրություններին մասնակցության համար: Թիմակիցների մաքսիմալիստական ձգտումները չի թաքցնում նաև Արայիկ Ավանեսյանը:

«Այո, երկրում քաղաքական նոր իրավիճակ է ստեղծված, քաղաքական համակարգի փոփոխության հարցում կա հանրային լուրջ պահանջ, հասարակությունը նոր դեմքեր է ուզում տեսնել, նոր մտածելակերպով գործիչներ՝ պետական կառավարման օղակներում: Ուստի հիմնադրել ենք կուսակցությունը հետագա քաղաքական պրոցեսներում ներգրավվելու համար, և մեր հեռագնա հաշվարկում լուրջ այցեքարտ կլինի Ստեփանակերտի ընտրություններին ստացած քվեն, մեր կուսակցության կորիզը կառավարիչներից է կազմված»,- 168.am-ի հետ զրույցում քաղաքական ձգտումների մասին անկեղծանում է Արայիկ Ավանեսյանը:

Ստեփանակերտում այս կուսակցությանը կեսկատակ-կեսլուրջ՝ տնօրենների կուսակցություն են անվանում: Բանն այն է, որ հիմնադիրները բոլորը բիզնես միջավայրից են, միջին տարիքի ճկուն ֆինանսիստներ, որոնք ստեփանակերտցիների խոսքով՝ մեծ փորձառություն ունեն, ճանաչելի դեմքեր են, մեծ շրջապատ ունեն, և ամենակարևորը՝ չունեն քաղաքական հետագիծ:

Համաքաղաքացիների թվարկած առավելությանը Արայիկ Ավանեսյանն իր ընկալմամբ ամենակարևորն է գումարում՝ երիտասարդ ներուժ և մեծ փորձառություն՝ հատկապես ֆինանսների կառավարման ոլորտում: Արայիկ Ավանեսյանը բանկիր է, նա երկար տարիներ կառավարում է առևտրային «Հայբիզնեսբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղը, մինչ այդ նրան գիտեին «Սոֆիա» հյուրանոցից, գլխավոր տնօրենն է եղել:

Ինչո՞ւ պիտի ստեփանակերտցին 5 թեկնածուներից հենց Ձեզ տա իր ձայնը. այս ավանդական հարցին Արայիկ Ավանեսյանը նախ քաղաքական պատասխանատվությունն ընդգծեց, ինչն իր առավելությունն է համարում:

«Քաղաքական հենարանի գործոնը մեծ առավելություն ունի, այս դեպքում ընտրողի համար ավելի տեսանելի է դառնում ՝ ի վերջո, ո՞ւմ է տալիս իր որոշիչ քվեն, մարդու, որի մասին լավն են խոսում միայն իր հետ առնչված քաղաքացինե՞րը, թե՞ նրան, ում կարողությունն ու թիմային մտածողությունն ընդգծվում է թեկնածուի թիկունքը պահող ուժի մյուս անդամներից: Եվ եթե մեկ այլ թեկնածու իր մասնավոր ամբիցիաներն է իրացնում Ստեփանակերտը ղեկավարելու դեպքում, ապա իմ պարագայում կա նաև բազմաստիճան պատասխանատվության գործոնը, այսինքն՝ թիմային պատասխանատվության: Իմ բարոյական նկարագիրը չկորցնելու համար պարտավոր եմ արդարացնել առաջինն ինքս ինձ՝ իմ խղճի առաջ, ինձ երաշխավորած թիմին, և հետո՝ մի ամբողջ ազգաբնակչության, որ վստահել է ինձ»,- կուսակցության գործոնը բացատրում է Արայիկ Ավանեսյանը և ընդգծում, որ այս ընտրություններով իրենց թիմը քաղաքական կարիերայի հիմքերն է դնում, ուստի իրենք սրան մոտենում են ամենայն պատասխանատվությամբ և ճշգրիտ հաշվարկով:

«Կազմակերպչական ունակություն, մասնագիտական որակներ և կրեատիվ մտածողություն»,- սրա պակասը վերակառուցվող Ստեփանակերտում ընդգծում են մի շարք քաղաքացիներ, մինչդեռ Արայիկ Ավանեսյանը հենց այս մասով է իրենց թիմն ուժեղ համարում: «Ֆինանսները գրագետ տնօրինելու հմտությունը մեծ առավելություն է, կարելի է ասել՝ գործը կատարում է 50 տկոսով՝ ցանկացած դեպքում, լինի դա մասնավոր ծրագրում թե պետական կառավարման դաշտում: Ստեփանակերտն ունի շատ սուղ ֆինանսական կարողություն, բայց մեծ, ահռելի մեծ պոտենցիալ, զարգացող ինֆրաստրուկտուրաներ, շինհրապարակի վերածելու ընդլայնվող մակերես՝ բազմաֆունկցիոնալ շենքերով, ներկայանալի պատմություն, որով հնարավոր է տուրիզմի գրավչության շշմեցնող նախադրյալներ ստեղծել»,- ընդհանուր նկարագրումով իր պատկերացումներն այսպես է գծել թեկնածուն իր նախընտրական ծրագրում, բայց ասում է՝ կա մի մեծ խոչընդոտ:

«Բոլոր խոստումներն ու երևակայած զարգացման ներդրումային ծրագրերն անիրագործելի կդառնան, եթե ընտրվող քաղաքային իշխանությունն առաջնահերթորեն չձեռնարկի՝ Ստեփանակերտի իրավական կարգավիճակը հստակեցնել ՏԻՄ օրենսդրական դաշտում, որպեսզի երկրի քաղաքական իշխանության և գործադիրի որոշումներից որոշակի չափով անկախ լինի, ինքնուրույն որոշումներում հնարավորություն ունենա:

«Արցախցիների զգալի մասն ապրում է Ստեփանակերտում, ռեսուրսների մի զգալի մասն այստեղ է կենտրոնացված, շարժը մեծ է, և օրենսդրական դաշտում ոչ անկախ կարգավիճակը բխեցնում է լուրջ խնդիրներ: Քաղաքային իշխանությունն իր զարգացման տեսլականը, որով հաղթել է քաղաքապետն ընտրություններին, փաստացի չի կարող իրագործել, նա կախված է իշխանության կամքից, ստացվում է ՝ նայում ենք այսօր մարդկանց աչքերի մեջ ու խաբում պոպուլիստական խոստումներով, և սա օբյեկտիվ պատճառ է»,- Երևանում վերջին տասնամյակում կատարված փոփոխությունները մատնացույց անելով՝ Ստեփանակերտի մասին օրենքի անհրաժեշտությունը պատճառաբանում է թեկնածուն:

Հաղթելու դեպքում նա իր անելիքներն է համարում՝

  • Ստեփանակերտի իրավական կարգավիճակը հստակեցնող օրենսդրության մշակում, որով իրատեսական կդառնա քաղաքի զարգացման ծրագիրը, և ֆինանսական անկախություն կստանա քաղաքային իշխանությունը
  • հիմնական կոյուղատարի համակարգի լուծում
  • քաղաքապետարանին կից հասարակական խորհրդի ձևավորում, անկախ մարմին՝ կազմված տարբեր մասնագետներից, մտավորականներից, քաղաքապետարանի նախկին աշխատակիցներից։

Սա անկախ մարմին է, որով քաղաքային իշխանությունը հանրային աջակցությոն կունենա, հայացք դրսից՝ իրենց համատեղ գույքագրված խնդիրների լուծելու համար այս մարդկանց ներուժն օգտագործելու նպատակով: Սա, ավագանուց զատ, նաև վերահսկողության հետաքրքիր մեխանիզմ կլինի:

Հիշեցնենք, որ քաղաքապետի առաջին երեք թեկնածուները՝ Արեգ Ավագյանը, Արայիկ Ավանեսյանը, Դավիթ Սարգսյանը, իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են բիզնես և մասնավոր հատվածում: Արմեն Հակոբյանը Ստեփանակերտի ներկայիս քաղաքապետի տեղակալն է, իսկ Գրիգորի Սահակյանը նախկին զինվորական է, եղել է զորամասի հրամանատար, ներկայումս պահեստազորի գնդապետ է:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս