Մեծ Բրիտանիայում ցիստեռնից ջինի արտահոսը տևական խցանում է առաջացրել ավտոմայրուղում
32 հազար լիտր ջին փոխադրող ցիստեռնից արտահոսը բազմաժամյա խցանում է հարուցել Անգլիայի հյուսիսային մասի M6 ավտոմայրուղում: Այդ մասին հաղորդվում է Չեշիրի կոմսության հրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ի երեկոյան ցիստեռնի եւ բեռնատարի բախման հետեւանքով: Ցիստեռնը փոխադրում էր 32 հազար լիտր ջին: Հրշեջները պարզել են, որ վթարից հետո դրանից դուրս է հոսել ութ հազար լիտր: Ճանապարհի այդ հատվածում երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Փրկարարական ծառայություններն աշխատել են ամբողջ գիշերվա ընթացքում՝ ջինի բռնկում թույլ չտալու համար: Հրշեջ բրիգադները թափված ալկոհոլը ծածկել են հրշեջ փրփուրով՝ բռնկումը կանխելու համար: Շատ վարորդներ ստիպված են եղել մի քանի ժամ անցկացնել իրենց ավտոմոբիլներում, մինչ փրկարարական ծառայությունները վերացնում Էին վթարի հետեւանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: