
«Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու ժամանակն է». Նաթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա՝ կապված միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արած հայտարարությունների հետ։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին սեպտեմբերեի 4-ին հայտարարել է, որ Թեհրանը միջուկային պարտավորությունների կրճատման երրորդ փուլի շրջանակում հրաժարվում է կատարել միջուկային գործարքի դրույթները: Իրանը միջուկային պարտավորությունների կատարման երրորդ փուլին ձեռնամուխ է լինելու սեպտեմբերի 6-ից:
«Այսօր առավոտյան մեզ տեղեկացրեցին Իրանի կողմից եւս մեկ խախտման, էլ ավելի մեծ քամահրանքի մասին, որն այս անգամ դրսեւորվում է միջուկային զենք ստանալու նրա ձգտմամբ: Դա ուղեկցվում է Իրանի ագրեսիվ գործողություններով միջազգային նավագնացության եւ տարածաշրջանի երկրների դեմ, ինչպես նաեւ Իսրայելի պետության վրա գրոհներ իրականացնելու ջանքերով»,-ասել է Նաթանյահուն Լոնդոն մեկնելուց առաջ, նրա խոսքը մեջբերում է վարչապետի դիվանատունը: «Այժմ Իրանի հետ բանակցելու ժամանակը չէ: Այժմ Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու ժամանակն է»,-հավելել է նա:
Իսրայելի կառավարության ղեկավարը նաեւ հայտնել է, որ այդ հարցը Լոնդոնում քննարկելու է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: