«Քոչարյանի գործով ՍԴ կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի բարձրացվում». Ռուստամ Բադասյան

Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել: Այդ մասին «Հեռանկար»-ի տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Հարցին՝ արդյոք ՍԴ-ն իրավասու էր որոշում ընդունել Քոչարյանի հարցով, նախարար Բադասյանը պատասխանել է. «Իրավասության մասով գիտեք, որ ՍԴ դատավորներից մեկը բարձրացրել է դատարանի՝ առնվազն երեք անդամի մասնակցության անհնարինության մասին փաստարկներ և այդ մասով ՍԴ-ն որևէ որոշում չի կայացրել: Եթե, ամեն դեպքում, առկա էին անհնարինության մասին տվյալներ՝ ՍԴ դատավորները պարտավոր էին դրա մասին հայտնել և սահմանված ընթացակարգով պետք է որոշում կայացվեր՝ արդյոք անհնարին է իրենց մասնակցությունը տվյալ գործին որոշակի հանգամանքներից ելնելով, թե՝ ոչ: Այս առումով, պրոցեսը որոշակի առումով կասկածելի է եղել, և առնվազն պետք է պարզել անհնարինության հիմքեր եղել են, թե՝ ոչ, քննարկվել են, թե՝ ոչ, պետք է քննարկվեին, թե՝ ոչ»:

Նախարարի խոսքով՝ ՍԴ ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման: Ինչ վերաբերում է հարցին, արդյոք ՍԴ որոշման արդյունքում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի՝ Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ ՍԴ-ում քննարկվել է երկու հոդվածի սահմանադրականության հարց, և «Քրեական դատավարության մասին» օրենսգրքի 135 հոդվածի 2-րդ մասը, որը վերաբերում է հիմնավոր կասկածի չափանիշի ստուգմանը՝ կալանքի հարցը քննարկելիս՝ Սահմանադրությանը համապատասխան է ճանաչվել, ինչը առերևույթ կարող է վկայել այն մասին, որ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել: «Այնուամենայնիվ, պետք չէ միանշանակ եզրահանգումներ անել՝ ՍԴ որոշման եզրափակիչ մասից դատողություններ անելով, քանի դեռ որոշումն ամբողջությամբ չի հրապարակվել»,- ասել է նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս