«Թուրքմենական գազի ռեէքսպորտի հարցը Հայաստանի համար նոր չէ, այն քննարկվել է դեռևս ուշ 90-ականներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում». Արա Մարջանյան
Հայաստանն ուսումնասիրում է թուրքմենական գազը մեր երկիր հասցնելու տարբերակներ։ Այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հայտարարել է, որ դա հայկական կողմի համար սկզբունքային կարող է լինել։
«Թուրքմենիան կարող է Մազանդարանի նահանգին գազ տալ, մեր հատվածում մենք կարող ենք իրանական գազ ստանալ, փոխանակում կատարել: Դա հոյակապ կլիներ: Դուք գիտեք՝ մենք հիմա որ երկրից ենք գազ ստանում, ինչ պայմաններով: Ռուսական գազի գինը ձեռնտու է մեզ, միջազգայնորեն ընդունված՝ միշտ ցածր է եղել: Իրանական գազը եթե մենք կանխիկ վճարումով ստանանք, ավելի լավ պայմաններ երբեք մեզ չի առաջարկվել: Այս փոխանակման սխեմաներն են, որ մեզ հնարավորություն կտան՝ խանդ չառաջացնելով գազի շուկայում՝ ոչ Ռուսաստանի, առավել ևս՝ Իրանի ու նրա հարևանների մոտ, կարողանանք գազ ներկրել»,- ասել է Թումանյանը:
Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ թուրքմենական գազի ռեէքսպորտի հարցը Հայաստանի համար նոր չէ, այն քննարկվել է դեռևս ուշ 90-ականներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում։
«Այդ հարցն ունի և՛ դրական, և՛ ոչ այնքան դրական կողմեր։ Դրականն այն է, որ դիվերսիֆիկացնում է մեր գազի ստացման ուղիները, բացասականը՝ հստակ չի՝ ո՛չ գումարային, ո՛չ բարտերային որ տարբերակն է օգտագործվելու, կամ Իրանի գազատար համակարգի միջանկյալ դերն ինչում է կայանալու։ Այդ ռեէքսպորտը կարող է վիրտուալ լինել, Իրանը որոշակի գազ ստանա և որոշակի այլ գազ ուղարկի ՀՀ։ Այստեղ էական է մեզ համար Իրանի հետ հաստատել ուղիղ էներգետիկ համագործակցությունը։ Երրորդ երկրների առկայությունն օգտակար կլինի այնքանով, որ ունակ կլինի ցրել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի հետ երկկողմ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Բոլոր դեպքերում Հայաստանի համար ռազմավարական հեռանկարում ձեռնտու է Իրանի հետ ուղիղ էներգետիկ ծրագրերի իրականացումը, ավելի ճիշտ՝ Իրանի համար ավելի ձեռնտու է ՀՀ-ի հետ էներգետիկ ծրագրերի իրականացումը, որովհետև Իրանը շատ ավելի մեծ և կարող երկիր է, քան Հայաստանը, և ռազմավարական բոլոր տեսակի նախաձեռնությունները պետք է լինեն, առաջին հերթին՝ իրանական ծագման։ ՀՀ-ն կարող է օժանդակել, բերել մասնագիտական, տեխնոլոգիական կարողությունները, բայց ռազմավարական նախաձեռնությունը, ճիշտ է՝ լինի Իրանի կողմից»,- ասաց Ա. Մարջանյանը։
Անդրադառնալով իրանական գազի գնին, որ ավելի թանկ է, քան ռուսականը, փորձագետը նշեց, որ ամեն դեպքում հնարավոր է բանակցել, ավելին, պետք է բանակցել։ Նրա խոսքով՝ Իրանի հետ գործող համագործակցությունը՝ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց, դեռ իր բոլոր հնարավորությունները չի սպառել.
«Այդ գործարքով մենք դեռ չենք հասել ողջ կարողություններին։ Այն է՝ 1 մլրդ խորանարդ մետր գազ ստանալ և 3 մլրդ կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա արտահանել։ Այստեղ աճի բավականին տեղ կա։ Եվ կարծում եմ՝ այդ համագործակցության շրջանակներում զարգացումն ուղղակի անհրաժեշտություն է։ Այստեղ կա մի նրբություն, որի մասին քիչ է խոսվում՝ այդ երեքը՝ մեկի բանաձևում կիլովատտ ժամը մենք չենք տարբերակում՝ էլեկտրաէներգիան պիկային է, թե բազային, այսինքն՝ ամբողջ աշխարհում պիկայինը մի քանի անգամ ավելի թանկ է, քան բազայինը։ Այս տրամաբանության ներմուծումն այդ բանաձևում շատ ձեռնտու կլինի և նոր հեռանկարներ կբացի Իրանի հետ ռազմավարական համագործակցության տեսանկյունից»։
Ա. Մարջանյանը նշեց, որ իրանական գազի՝ ռուսականից ավելի թանկ լինելու մասին խոսակցությունը կծագի միայն այն դեպքում, երբ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն արդեն սպառված կլինի, այսինքն՝ ՀՀ-ն կներմուծի պայմանագրով հնարավոր առավելագույն քանակի գազ.
«Այդ դեպքում կարելի կլինի խոսել գազի գնման մասին, և թանկ ու էժանի հարց կառաջանա, կամ կիրագործվի ռազմավարական ծրագիրը՝ Հայաստանով տարանցումը դեպի Եվրոպա»։
Դիտարկմանը, որ դեսպանը խոսել է նաև այն մասին, որ Իրանը ցանկանում է փոփոխել հայ-իրանական գազային համաձայնագրում երեքը՝ մեկի դիմաց բանաձևը, Ա.Մարջանյանը պատասխանեց. «Այդ հնարավորության մասին ես տեղյակ չեմ, բայց փոփոխության մի ուղղությունը կարծես քննարկեցինք, այսինքն՝ տարբերակել, թե ինչ է նշանակում՝ մեկ կիլովատտ ժամ պիկային և բազային էլեկտրաէներգիան։ Երկու դեպքում էլ խոսքը մեկ կիլովատտ ժամ էլեկտրաէներգիայի մասին է, այսինքն՝ այն կլինի պիկայի՞ն ժամերին՝ երեկոյան, թե՞ բազային՝ գիշերային ժամերին, որ ավելի էժան է»։