«Երբ մենք սկսեցինք պայքարը, ունեինք նշաձող՝ ե՞րբ և ո՞ր կանգառը պետք է հասնենք. ո՞ւր են մեր այսօրվա նշաձողերը, որո՞նք են դրանք». Սամվել Շահինյան
Արցախի Հանրապետությունը 28 տարեկան է. 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
«Այդ պայմաններում անկախության հասնել, անկեղծ ասած, ամենասկզբում անհնար էր: Առավելագույնը, որ հույս ունեինք ստանալ, դա Արցախն ադրբեջանցիների ճիրաններից ազատագրելն էր: Երբ մենք սկսեցինք պայքարը, ունեինք նշաձող՝ ե՞րբ և ո՞ր կանգառը պետք է հասնենք: Որևէ սխալ թույլ չէինք տալիս: Ո՞ւր են մեր այսօրվա նշաձողերը, որո՞նք են դրանք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երկրապահ կամավորական միության հիմնադիր կոորդինատոր, նախագահ, ներկայումս Ճարտարապետության և շինարարության համալսարանի Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ Սամվել Շահինյանը:
Նրա խոսքով՝ Անկախությունից հետո այն ուժերը, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանն ու Արցախն անձեռնմխելի մնան, սկսեցին իրար խորապես հակադրվել:
«Հայոց համազգային շարժումը վերածվեց Հայոց համազգային շարժում կուսակցության: Այն ժամանակ մենք չէինք տարանջատում որևէ կուսակցություն, և հանկարծ հայտնվեցին ընդդիմադիր մի շարք կուսակցություններ, որոնց նպատակն անհասկանալի էր: Կարծես թե բոլորն ուզում էին հզոր Հայաստան, սակայն մեծ մասը, ի դժբախտություն մեզ, խարսխված էր խորհրդային բարոյականության և մտածողության վրա: Հոմոսովետիկուս էին, հայկական մտածողության և նպատակների կրողը չէին: Մեր մեջ մնացել էր պատմական ցավը, վիրավորանքը և ռևանշ վերցնելու ցանկությունը: 1993թ. արդեն ունեինք արցախյան պայքարի հակառակորդներ և ունեինք մարդիկ, որոնք մյուս ծայրահեղությունն էին՝ տոտալ ազատագրման, ամեն ինչ վերցնելու կողմնակից: Այն ժամանակ իշխող ուժի՝ ՀՀՇ-ի քաղաքականությունն այսպիսին էր. նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերից հնչում էին այս խոսքերը՝ մեր ուժը մեր փրկության մեջ է, արդյո՞ք մեզ պետք է տարածք, հզորանալ, և այլն: Մյուս կողմից՝ կար մի խոշոր ուժ, որը պարզապես տոգորված էր առասպելաբանական, դյուցազնական մտքերով և կարծում էր, որ մենք կարող ենք ամեն ինչ անել, հասնել, գրավել:
Եթե մենք ցանկանում ենք աշխարհում ունենալ մեր տեղը, պետք է ոչ թե բավարարվենք եղածով, այլ շարունակենք հզորանալ: Մեր ուղեղն անընդհատ գնում է դուրս, մեր տղաներն ու աղջիկները, ովքեր կարող են պետությունը հզորացնել, արդեն դրսում են»,- նշեց Սամվել Շահինյանը:
Անի Կարապետյան