«Մենք ադրբեջանցիներին երբեք չենք պարտվել, միշտ հաղթել ենք, ազատագրել մեր պատմական տարածքները». Գևորգ Բաղդասարյան
Արցախի Հանրապետությունը 28 տարեկան է. 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Այդպիսով, իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես՝ 1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքը, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:
1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունն իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման և դրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:
«1988 թվականի փետրվարից, երբ սկսվեց Արցախը Հայաստանին միացնելու շարժումը, Օպերայի բակում հնչում էր մի կարգախոս՝ միացում: Իմ ամբողջ գործունեության ընթացքում ամեն ինչ արել եմ, որ այդ միացումը տեղի ունենա, և դա կատարվեց: 1989թ. դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը վերացվել և ստեղծվել էր Ազգային խորհուրդ: Նրանց և ՀԽՍՀ գերագույն խորհրդի որոշմամբ Հայաստանն ու Արցախը հայտարարվեցին միացյալ: Հիմա այդպես է, չէ՞: Արցախցիներն ի՞նչ անձնագիր ունեն. Հայաստանի, նրանց պետական լեզուն ո՞րն է՝ հայերենը, սահման կա՞ մեր միջև, ո՛չ: Մեկ պետություն ենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, ԳԽ Պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Բաղդասարյանը:
«Մինչ օրս 8 հրադադար է հաստատվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Իրենք, երբ զգացել են, որ տարածքներ են կորցնում, պարտվում են, անընդհատ դիմել են ռուսին, ռուսն էլ միջամտել է: Առաջին հրադադարը ստորագրվել է 1992թ. սեպտեմբերի 19-ին՝ Սոչիում, իսկ վերջինը՝ 2016թ. ապրիլի 4-ին: Այսինքն, մենք ադրբեջանցիներին երբեք չենք պարտվել, միշտ հաղթել ենք, ազատագրել ենք մեր պատմական տարածքները, իսկ իրենք մեզանից խլել են տարածքներ՝ ռուսական զորքի օգնությամբ.Գետաշենը,Արծվաշենը: Հայերը դժկամությամբ էին ուզում կռվել ռուսական զորքի դեմ, պատրաստ չէին կրակել ռուս զինվորի ուղղությամբ»,- հավելեց Գևորգ Բաղդասարյանը:
Նրա կարծիքով՝ այս անգամ էլ Հայաստանի և Արցախի բնակչությունը հանրաքվե կանցկացնեն, որով կորոշվի, որ այս երկու պետությունները միասնական են:
Անի Կարապետյան