Ժողովրդավարությունից զատ
Տեսնես ինչի՞ց է, որ ամբողջ աշխարհում քաղաքագիտական միտքը մարդկության գոյության մի ամբողջ դարաշրջան համառորեն դոփում է տեղում:
Մի՞թե ոչ մի նոր` այլ բան այլևս հնարավոր չէ մտածել, հիմնավորել և առաջարկել աշխարհին:
Ինչքա՞ն կարելի է այդ «ժողովրդավարություն» ասածը ծռմռել, թեքել, ճկել, ճյուղավորել, կցմցել ու պատվաստել:
Մի՞թե պարզ չէ, որ 21-րդ դարում, աշխարհի տեխնոլոգիական զարգացման այս խելահեղ արագացման պայմաններում, քիչ թե շատ իրական (համենայն դեպս` նախկինում աշխարհում ընկալված) ժողովրդավարությունն այլևս մնացել է խորը անցյալում:
Մի՞թե պարզ չէ, որ ժողովրդավարության հիմնասյուն հանդիսացող «հանրային կարծիք» ասածը շատ վաղուց, այլևս` զուտ տեղեկատվական ձեռնածությունների (մանիպուլյացիաների) արդյունք է` ճշմարտությունից և իրականությունից շեղված ու կտրված, հանրությանն «ալտերնատիվ» իրականություն «փոխադրելու», և այնտեղ պահելու արդյունավետ եղանակ՝ դրանից բխող հետևանքներով:
Մի՞թե պարզ չէ, որ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր միլիոնների հասնող բնակչություն ունեցող երկրներում (ավելի փոքրերի մասին նույնիսկ հիշատակելն ավելորդ է), իրական ժողովրդավարության պայմաններում անհնարին կլիներ «զտարյուն» ամբոխավարների և նույնիսկ մասնագիտությամբ ծաղրածուների առաջադրումն ու ընտրությունը:
Մի՞թե պարզ չէ, որ ընտրությունների գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների լայնորեն ներգրավումը հասարակություններին անվերադարձ հեռացրել է իրական ժողովրդավարության ընձեռած կարևորագույն և որոշիչ հնարավորությունից` արդար ընտրություններով առաջնորդներ ընտրելու իրավունքից:
Հարյուր տարուց ավելի է` սոցիալ-դեմոկրատիա, բայց իրականում` դիկտատուրա և ֆաշիզմ, դեմոկրատական ցենտրալիզմ, բայց իրականում` միակուսակցական տոտալիտար դիկտատուրա, լիբերալ-դեմոկրատիա, բայց իրականում` այլասերվածություն և քաոս, և այլն, և այլն:
Ամբողջ մարդկությունը կարծես «ժողովրդավարություն» կոչվող օղակի մեջ գտնվող սկյուռիկի վիճակում է հայտնվել:
Քաղաքագետներ ջան, մի նոր բան մտածեք…
Դիմեք մարդաբաններին, հոգեբաններին, ֆիզիկոսներին, աստղաբաններին, ի՜նչ ուզում եք՝ արեք, բայց մի նոր բան մտածեք:
Հասարակագիտական բոլոր գիտությունները, մասնավորապես` Իրավագիտությունը, Պատմագիտությունը, ինչ-որ մասով՝ նույնիսկ Տնտեսագիտությունը, այդ ծռմռված ժողովրդավարության «ձեռքը կրակն են ընկել»:
Մի բան արեք…
Մի շատ ընդհանրական դիտարկում՝ զուտ մասնագիտական տեսանկյունից.
համեմատաբար կայուն դրական տնտեսական ցուցանիշներ և ազգային արժեքների պահպանում կարծես ապահովում են միապետ ունեցող երկրները, բայց` իսկական, ազնվական միապետ ունեցողները, ոչ թե` բռնապետ-միապետ, կամ` դրա պես մի բան:
Բռնապետներն էլ են երբեմն կարճատև հաջողություններ գրանցել, եթե եղել են խելացի, ազգապաշտ ու հայրենասեր, չնայած պատերազմները` մեծամասամբ, ի վերջո, տանուլ են տվել:
Անարխիայի ու քաոսի պայմաններում հաջողված երկրի օրինակ կարծես չկա:
Մի բան մտածեք, հարգելի քաղաքագետներ, թե չէ` նորից պիտի դիմենք փիլիսոփաներին, իսկ դա լավ տեղ չի տանի` «թաղելու են» ռացիոնալի և իռացիոնալի, մատերիայի ու իդեայի և մնացած իրար հակասող տեսությունների մեջ:
Կարեն Ճշմարիտյան
ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար