«Այն, որ բյուջեի պրոֆիցիտ կա, բացահայտում չէ. Արտակ Մանուկյանի պատասխանը՝ Մանե Թանդիլյանին
Այսօր ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ունենալով էական շեղումներ կառավարության ծրագրային ցուցանիշներից:
«Կառավարության զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2019թ. 1-ին կիսամյակում ունենք բյուջեի աննախադեպ պրոֆիցիտ, ինչը մեր նման երկրի համար պարզապես անընդունելի է, իսկ նման տենդենցը շարունակելու դեպքում՝ տնտեսական և ֆինանսական խնդիրները դառնալու են անխուսափելի»,- գրել էր նա:
168.am–ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանից: Վերջինս թեև նշեց, որ գրառմանը ծանոթ չէ, բայց այն, որ պրոֆիցիտ կա, ըստ նրա՝ բացահայտում չէ.
«Պետական բյուջեի ամսական հաշվետվությունները նայեք, այնտեղ գրված է, որ պրոֆիցիտով է»:
Մեր հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության մասին Մ. Թանդիլյանի մեկնաբանությունը՝ Ա. Մանուկյանը պատասխանեց. «Ես հո ամեն բառ չե՞մ մեկնաբանի: Ուղղակի կհավելեմ՝ եթե մեկը գրառում է անում, անկախ նրանից՝ ով է, նաև չպետք է մոռանա նշել, որ դրա մի մասը պայմանավորված է աննախադեպ հարկային եկամուտների աճով»:
Զարուհի Դիլանյան