Բաժիններ՝

«Եթե թերի չէ, բա մնացած տվյալներն ո՞ւր են». ՀՀ վարչապետը՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարին

«Սիրելի՛ հայրենակիցներ, երեկ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման  հարցով հերթական քննարկմանը:

«Երեկվա քննարկումը նաև կարևոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի: Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչև սեպտեմբերի 4-ը»,- գրել էր նա՝ քննարկման տեսանյութը տեղադրելով գրառմանը կից:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD միջազգային խորհրդատվական ընկերության փորձագետների հետ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացության և դրա վերլուծության արդյունքները: Տեսակոնֆերանսին մասնակցել են նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները, կառավարության պատասխանատու գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների ղեկավարները, ինչպես նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները: Տեսակոնֆերանսի ընթացքում ELARD ընկերության փորձագետները մանրամասն անդրադարձել են փորձաքննության արդյունքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների մի շարք հարցերի:

Ի դեպ, 2 ժամից ավելի տևած քննարկման ժամանակ «Էլարդի» փորձագետները  հստակ նշեցին, որ հանքի շահագործման մասով երաշխիքներն իրենցից չպիտի ակնկալել, քանի որ այն պետք է ներկայացվի պատասխանատուի կողմից, իսկ արժևորումը, հաստատումը և   համապատախանության ընդունումն ուրիշ մարմինների գործն է. «Տվյալ դեպքում «Լիդիանը» կառուցում է, շահագործում, փակում է հանքը. նրանք են պատասխանատու երաշխավորել կառավարությանը, որ իրենք համապատասխանում են բոլոր ստանդարտներին»:

Փորձագետները պնդեցին, որ  այս փուլում սոցիալ-բնապահպանական ազդեցության գնահատումը թերի է,  և ՀՀ կառավարությունը կարող է սեփական ընտրությունն անել՝ ընդունել «Լիդիանի» կողմից տրվող երաշխիքը, կամ՝ ոչ:

Սրան հաջորդեց նաև ուշագրավ հարցուպատասխան ՀՀ վարչապետի և Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի միջև.

Պարո՛ն Իվանյան, այստեղ հետևյալ հարցն է ծագում՝ եթե «Էլարդն» արձանագրում է, որ տվյալները թերի են,  և այլն, և այլն, էդ դեպքում ո՞նց ենք մենք եզրակացրել, որ բնապահպանական ռիսկերի մասին տվյալներ չեն թաքցվել կամ առնվազն ամբողջական են:

– Պարո՛ն Վարչապետ, վերլուծվել են այդ բոլոր հանգամանքները, տվյալները, և ըստ էության խնդիրը  դրվել է հետևյալ կերպ, որ  թեև տվյալները եղել են ոչ լիարժեք, սական ըստ էության՝ կոնցեպտը եղել է հետևյալը՝ կառաջանա՞ն արդյոք աղտոտումներ, կառաջանա՞ն արդյոք վնասակար հետևանքներ, և կոնկրետ ի՞նչ տվյալներ պետք է թաքցվեին, որը որ պետք է հանգեցներ նման հանգամանքների: Ինչպես ցույց տվեց ամբողջ  քրեական գործի ձեռք բերված ապացույցների վերլուծությունը, այն ամբողջ տեղեկությունը, որն ուսումնասիրել  են փորձագետները, դրանք ի սկզբանե հայտնի են եղել:

Դիտավորությունը տվյալ հանգամանքում՝ տվյալ թաքցնելու կամ չբացահայտելու՝ չկա.  նման փաստական տվյալ քրեական գործով ձեռք չի բերվել:

Բայց եթե հիմա մեր հրավիրած փորձագետն ասում է՝ տվյալները թերի են, ինքը մեր հրավիրած փորձագետն է, մենք էլ քրեական գործ ենք հարուցել այն փաստի առնչությամբ, որ տվյալների առնվազն  մի մասը թաքցված են,  հետևաբար՝ որտեղի՞ց է Ձեր եզրակացությունը, որ տվյալները թաքցված չեն:

– Պարո՛ն վարչապետ, որևէ տվյալ չի՛ թաքցվել, ըստ էության, բոլոր ուսումնասիրությունները ներկայացվել են,  և դրա վերաբերյալ եզրակացություններ են արվել:  Տվյալների  թերիությունը քրեական գործով այլ ապացույցների համակցությամբ  չի՛ կարող գնահատվել՝ որպես թաքցնել, և, առավել ևս, հանցակազմի պարտադիր տարր է հանդիսանում դիտավորությունը:

Հարցը բաժանենք երկու մասի՝ մի հատ՝ թաքցրել են, թե չեն թաքցրել, մյուսը՝ դիտավորյալ են արել,  կամ՝ առանց  դիտավորության: Եթե թերի չէ, բա մնացած տվյալներն ո՞ւր են:

– Խոսքը վերաբերում է շրջակա միջավայրի քիմիական աղտոտման տեղեկություններին.  ըստ էության, նման տեղեկություններ չեն թաքցվել, և նման տեղեկություններ չեն եղել տվյալ անձանց մոտ, որ նրանք էլ թաքցնեին:

Եթե «Էլարդն»  ասում է, որ գոլորշիացման տվյալները չափազանցված են, ի՞նչ բարդ է ստուգել՝ չափազանցվա՞ծ են,  թե՞ չափազանցված չեն, եթե չափազանցված չեն,  նշանակում է՝ ամեն ինչ նորմալ է, եթե չափազանցված են, ապա  ինչոր մեկը չափազանցրել է, սա պետք է արձանագրելՀաջորդ հարցը՝ ինչո՞ւ է չափազանցրել  չափազանցնողը: Այստեղից պետք է հայտնի դառնար կամ չդառնար դիտավորությունը:

– «Էլարդն» արձնագրում է՝  օրինակ՝ ջրի գոլորշիացման մասին. դա փորձագիտական հետևություն է, ըստ էության,  չկա որևէ հետևանք, տվյալ գոլորշիացման առավելագույն  կամ նվազագույն չափը հաստատված չէ: Այնուամենայնիվ, շրջակա միջավայրի քիմիական աղտոտման  տեղեկությունները, որոնք կվկայեն դրա մասին,  չեն թաքցվել:

Եթե մենք չենք հետազոտել, տվյալն ամբողջությամբ չենք դրել, դա էլ է թաքցնելու ձև:

Քննարկումն ամփոփելիս՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, թեև հարցերն ամբողջությամբ սպառված չեն, բայց ընդհանրական պատկերացում կազմվեց:  Ապա ներկայացրեց եզրակացությունը. «Եթե մենք վստահ չլինենք, որ Ամուլսարի հանքի շահագործումը չի առաջացնի սոցիալ-բնապահպանական ռիսկեր, մենք պետք է համապատասխան գնահատականով հանդես գանք, եթե հակառակը կպարզվի, էլի մենք համապատասխան գնահատականով պետք է հանդես գանք»:

Հետագա անելիքներին նա խոստացավ անդրադառնալ այն ժամանակ, երբ կլինի Շրջակա միջավայրի նախարարության  եզրակացությունը՝ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտ լինել- չլինելու վերաբերյալ:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս