Բաժիններ՝

Դպրոցում առարկաներն ավելանալու են

«Ժամաքանակների փոփոխություն, որպես այդպիսին, չի լինում, ու ասել, որ կրճատվելու են ուսուցիչների հաստիքները, նման պնդում չենք կարող ունենալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը:

Ինչ վերաբերում է առարկաներին, ապա, նրա փոխանցմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության նախաձեռնությամբ  վերանայվում են Հանրակրթության պետական չափորոշիչները, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը:

Նախատեսվում է, որ վերանայման գործընթացը կներառի հետևյալ ուսումնական բնագավառները՝ հայոց լեզու, գրականություն, հասարակական գիտություններ (հասարակագիտություն, հայոց պատմություն, եկեղեցու պատմություն, համաշխարհային պատմություն, նորագույն պատմություն), օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն), արվեստ (երաժշտություն, կերպարվեստ), ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեություն (ֆիզկուլտուրա, առողջ ապրելակերպ, շախմատ, ՆԶՊ) ոլորտներին:

Ծրագրի փորձագետ Արտաշես Թորոսյանի փոխանցմամբ՝ ինտեգրված առարկաներն են ավելանում՝ բնություն, բնագիտություն, հասարակություն:

«Օրինակ՝ ավագ դպրոցի մասով  լրացվելու է պակասող առարկաների թիվը, բնագիտական հոսքում հումանիտար, հասարակություն առարկան է ավելանում, որտեղ նախագծերի միջոցով աշակերտներն ուսումնասիրելու են հասարակական  նյութը, որն առաջ հասարակագիտություն, պատմություն և այլ առարկաների միջոցով էր դասավանդվում, իսկ հումանիտար հոսքում, օրինակ, բնագիտություն  առարկան կրկին նախագծերի մասով է ուսումնասիրվելու:

5-6-րդ դասարաններում կարևոր է աշակերտների փորձառությունը, այսինքն՝ այն գիտությունները, որ ուսումնասիրելու են 7-9-րդ դասարաններում, դրանց փորձերը տարիքին համապատասխան իրականացվելու են 5-6-րդ դասարաններում՝ բնագիտություն առարկայի շրջանակներում: Աշակերտները ծանոթանալու են տարբեր երևույթների, կատարելու են տարբեր հետազոտություններ, փորձեր, հետո  երբ գիտությունն ուսումնասիրեն՝ ավելի հեշտությամբ կընկալեն»,- նշեց Արտաշես Թորոսյանը:

168.amի հարցին՝ մասնագետները բարձրաձայնում են էկոլոգիա և արտակարգ իրավիճակներ առարկաների կարևորության մասին, դրանք լինելո՞ւ են նոր առարկաների ցանկում, ծրագրի փորձագետ Գագիկ Մելիքյանը պատասխանեց.

«Ամբողջ աշխարհի մանկավարժության մոտեցմամբ՝ պետք է հնարավորինս քիչ առարկաներով որակյալ ներկայացնել կրթության բովանդակությունը: Երբ որ մենք մեր ուսումնական պլանը համադրում ենք այլ երկրների հետ,  տեսնում ենք, որ մեզ մոտ մասնատվածությունը չափից ավելի է: Այսինքն, ինտեգրման գաղափարը մեզ մոտ դեռևս ամբողջովին լուծված չէ: Մեր նպատակը պետք է լինի ոչ թե ամեն կարևոր բանի առանձին առարկայի տեսք տալ, կոստյում հագցնել, այլ հակառակը: Ձեր նշած էկոլոգիան, բնապահպանական խնդիրները հիանալի ինտեգրվում են  տարբեր առարկաների մեջ, առաջին հերթին՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա,  բնագիտություն: Անվտանգ կենսագործունեությունն էլ կարելի է հաջողությամբ ինտեգրել այլ առարկայի հետ: Սա է մեր մոտեցումը»:

Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում բնապահպան Կարինե Դանիելյանն ասել էր.

«Մեզ մոտ էկոլոգիական մշակույթը շատ ցածր է: Մի շարք երկրներում մանկապարտեզից սկսած՝ անպայման էկոլոգիական կրթություն են տալիս, իսկ Հայաստանում դա չկա: Դպրոցում քիչ են էկոլոգիական գաղափարները ներառված տարբեր առարկաների մեջ, իսկ էկոլոգիա առարկա չի դասավանդվում: Միշտ այդ հարցը բարձրացնում ենք: Հիմա կարծես կառավարության ծրագրում կա, բայց իրականացման մասին դեռ խոսք չկա: Մենք հիմա փորձում ենք հեռուստատեսությամբ պատրաստել էկոլոգիական հաղորդումների շարք, հուսամ՝ կստացվի: Ուրիշ երկրներում առնվազն շաբաթը մեկ անգամ նման հաղորդում է լինում ամենակարևոր խնդիրների շուրջ, իսկ մեզ մոտ՝ ոչ մի բան»:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանն էլ հայտնել էր, որ իրենց ունեցած տվյալներով՝ հրդեհների մեծ մասը մարդածին է։

«Մեր ժողովուրդը սովորություն ունի այրել խոտհարքները, մշակովի դաշտերը, ինչը շատ վտանգավոր է։ Տարածված երևույթ է նաև գերեզմանում խունկ վառելն ու այդպես թողնել-գնալը, արտերի մեջ ծխախոտ գցելը։ Հրդեհների 5-10 տոկոսը գերեզմանների կողքին է։ Այսինքն՝ կրկին գործ ունենք անփութության հետ»,- նշել էր նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս