Բաժիններ՝

«Գերեզմանում խունկը վառում ու այդպես թողնում-գնում են». «Հայանտառի» տնօրենը՝ հրդեհների բռնկման պատճառների մասին

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Անտառային կոմիտեն ազգաբնակչությանը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից՝ հիշեցնելով, որ անտառային տարածքներում արգելվում է կրակ վառել, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել, ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև՝ ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:

Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում, և կոչ է արվում վերջում հանգցնել այն:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ՀՀ հատկապես ո՞ր մարզում են ավելի շատ հրդեհներ լինում ու ի՞նչ պատճառով, նա պատասխանեց, որ իրենց ունեցած տվյալներով՝ հրդեհների մեծ մասը մարդածին է։

«Համայնքների հետ փորձում ենք աշխատանքներ տանել։ Պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, և մեր մասնաճյուղերի տնտեսություններին հանձնարարված է հատկապես այս հրդեհավտանգ շրջանում աշխատանքներ տանել բնակչության հետ։ Հունիսի 30-ի դրությամբ Գուգարքի անտառային տնտեսությունում գրանցվել է 16, Եղեգնուտում՝ 3, Տաշիրում՝ 4, Հրազդանում՝ 3, Վայոց Ձորում՝ 1 հրդեհ։ Ստացվում է, որ ամենաշատը Լոռու մարզում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը:

«Մեր ժողովուրդը սովորություն ունի այրել խոտհարքները, մշակովի դաշտերը, ինչը շատ վտանգավոր է։ Տարածված երևույթ է նաև գերեզմանում խունկ վառելն ու այդպես թողնել-գնալը, արտերի մեջ ծխախոտ գցելը։ Հրդեհների 5-10 տոկոսը գերեզմանների կողքին է։ Այսինքն՝ կրկին գործ ունենք անփութության հետ»,- հավելեց նա:

Նշենք, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների (մարգագետին, որի խոտը հնձում են և չորացնում՝ որպես ձմեռվա անասնակեր) բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված՝ ինչպես դիտավորությամբ, այնպես էլ՝ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս