Բաժիններ՝

Բնապահպանները բարձրացնում են էկոլոգիա առարկան դպրոցներում դասավանդելու հարցը

Հանրապետությունում գրեթե ամեն օր հրդեհ է բռկվում: Միայն  հուլիսի 26-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

«Երկու ֆակտոր է իրար հետ աշխատում. կլիմայի փոփոխությունը՝ ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների քանակի կրճատումը և մարդկային ֆակտորը: Մեզ մոտ էկոլոգիական մշակույթը շատ ցածր է: Մի շարք երկրներում մանկապարտեզից սկսած՝ անպայման էկոլոգիական կրթություն են տալիս, իսկ Հայաստանում դա չկա: Դպրոցում քիչ են էկոլոգիական գաղափարները ներառված տարբեր առարկաների մեջ, իսկ էկոլոգիա առարկա չի դասավանդվում:

Միշտ այդ հարցը բարձրացնում ենք: Հիմա կարծես կառավարության ծրագրում կա, բայց իրականացման մասին դեռ խոսք չկա: Մենք հիմա փորձում ենք հեռուստատեսությամբ պատրաստել էկոլոգիական հաղորդումների շարք, հուսամ՝ կստացվի: Ուրիշ երկրներում առնվազն շաբաթը մեկ անգամ նման հաղորդում է լինում ամենակարևոր խնդիրների շուրջ, իսկ մեզ մոտ՝ ոչ մի բան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը հայտնել էր, որ իրենց ունեցած տվյալներով՝ հրդեհների մեծ մասը մարդածին է։

«Մեր ժողովուրդը սովորություն ունի այրել խոտհարքները, մշակովի դաշտերը, ինչը շատ վտանգավոր է։ Տարածված երևույթ է նաև գերեզմանում խունկ վառելն ու այդպես թողնել-գնալը, արտերի մեջ ծխախոտ գցելը։ Հրդեհների 5-10 տոկոսը գերեզմանների կողքին է։ Այսինքն՝ կրկին գործ ունենք անփութության հետ»,- նշել էր նա:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս